ԻՐԱՆՈՒՄ ԵՒ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ 380-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի միջոցով, վանքի ցուցասրահում, կազմակերպւեց ցուցահանդէս՝ Իրանում եւ Միջին Արեւելքում առաջին գրքի տպագրութեան 380-ամեակի առիթով:

Ս. Ամնեափրկիչ վանքի տպարանը հանդիսանում է Իրանի եւ Միջին Արեւելքի առաջին տպարանը, որտեղ տպագրութեան գործն ի կատար է ածւել գերմանացի Յովհան Գուտենբերգի գիւտից 188 տարի անց՝ 1638 թւականին, Նոր Ջուղայի ժամանակի առաջնորդ Խաչատուր վրդ. Կեսարացու ու մի շարք վանականների եւ հայ արհեստաւորների ջանքերի շնորհիւ: 

Ցուցահանդէսի բացումը կատարւեց երկուշաբթի՝ 2018 թւականի նոյեմբերի 26-ի առաւօտեան, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ միութիւնների ներկայացուցիչների, հայ համայնքի անդամների, ինչպէս նաեւ մի շարք հրաւիրեալների, որոնցում աչքի էին ընկնում՝ Ֆրանսիայի Իսիլեմոլինոյի փոխ-քաղաքապետ Ալէն Լոյը, արւեստի համալսարանի դասախօս եւ գրաֆիկայի ու տպագրութեան ոլորտի վարպետ Հասան Աղիլին, Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանի եւ Սպահանի ընդհանուր քաղաքապետարանին ենթակայ գրադարանների պատասխանատուները:

Բացման հանդիսութեան ընթացքում արտայայտւեց «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանը: Նա ողջունելով ներկաներին ընթերցեց Թեմական խորհրդի պատգամը, ուր հպարտութիւն յայտնելով շրջանի հայ ժողովրդի յաջողութիւնների եւ ձեռքբերումների համար՝ ի մասնաւորի Իրանում տպագրութեան արհեստի վերելքի ու բարգաւաճման գործում, պատմական ակնարկ էր կատարւել հայոց գրերի յօրինման ընթացքին, հայկական մշակոյթին եւ յատկապէս Նոր Ջուղայում հիմնադրւած Իրանի եւ Միջին Արեւելքի առաջին տպարանի գործունէութեան սկզբնաւորմանը: Մուտքի ժապաւէնը յատւեց Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի եւ պրնյք.՝ Լոյի ու Աղիլիի ձեռամբ:

Ցուցահանդէսում ներկայացւել էին վանքի տպարանում օգտագործւած 17-րդ եւ 19-րդ դարերին պատկանող սարքերը, տառերը, տպագրւած գրքերն ու մի շարք այլ պարագաներ:

8-օրեայ այս ցուցահանդէս այցելեցին՝ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տէր Սիփան եպս. Քէչէճեանը« զանազան թանգարաններից ու տպագրութեան ոլորտում առաջատար կազմակերպութիւններից պատւիրակութիւններ, արւեստագէտներ, համալսարանի դասախօսներ, ուսանողներ, Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտ-ուհիները՝ իրենց ուսուցիչների եւ ծնողական խորհուրդների ուղեկցութեամբ, հայ համայնքի անդամներ ու Ս. Ամենափրկիչ վանք այցելած զբօսաշրջիկներ:

Յատկանշական է, որ ցուցադրւած սարքերը նորոգւել եւ մոնտաժւել էին Հրաչ Տէր-Յովհաննիսեանի, Կարէն Աւետեանի եւ Վաչիկ Ղարիբեանի միջոցով, իսկ կազմակերպիչների հետ համագործակցութիւն էին ցուցաբերել Ս. Ամենափրկիչ վանքի արխիւատան եւ թանգարանի պաշտօնեաները:

Թղթակից (Նոր Ջուղա)

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ