ՍՊԱՀԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՂ ՄԱՆԿԱ-ՊԱՏԱՆԵԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 31-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՕՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՒԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԹԵՄԱՅՈՎ «ԿԱՆՉ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ «ՍԻԹԻ ՍԵՆԹԵՐ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Երկուշաբթի՝ 2018 թւականի սեպտեմբերի 3-ի երեկոյեան, Սպահանում անցկացւող Մանկա-պատանեական ֆիլմերի 31-րդ միջազգային փառատօնի շրջագծում, «Սիթի Սենթր» առեւտրային համալիրի կինօդահլիճում, ցուցադրւեց Հայոց Ցեղասպանութեան թեմայով «Կանչ» ֆիլմը (Հայաստան):

Նախքան ցուցադրումը արտայայտւեց ֆիլմի սցենարիստ՝ Սամուէլ Թադէոսեանը, ով ակնարկ կատարեց Հայոց Ցեղասպանութեանը եւ պատկան ֆիլմին: Սցենարիստի ելոյթը թարգմանեց Մեղրի Ղուկասեանը:

Յատկանշական է, որ Սպահանի հայոց թեմի ազգ. Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ փառատօնի կազմակերպիչների համագործակցութեամբ՝ ապահովւել էր հայ հանդիսատեսի ներկայութիւնը վերոնշեալ ցուցադրմանը:

Յաջորդ օրը՝ երեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում ցուցադրւեց Սամուէլ Թադէոսեանից մի այլ ստեղծագործութիւն, «Միացում» վաւերագրական ֆիլմը՝ նւիրւած Արցախեան շարժումին: Պրն. Թադէոսեանը հանդիսանում է սոյն ֆիլմի սցենարիստը եւ ռեժիսորը: 

Նշելի է, որ «Միացում»-ը 31-րդ փառատօնին ներկայացւած ֆիլմերի շարանում չի գտնւում եւ ցուցադրումը կազմակերպւել էր Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ ու միայն համայնքի ժողովրդի համար: 

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, ռեժիսոր Սամուէլ Թադէոսեանն ու համայնքի ժողովուրդ:

Ծրագրում բացման խօսքով հանդէս եկաւ Մեղրի Ղուկասեանը՝ անդրադառնալով  ռեժիսորի կենսագրական գծերին ու «Միացում» ֆիլմին:

Ցուցադրման աւարտին բեմ հրաւիրւեց պրն. Թադէոսեանը, ով իր յոյզերով կիսւեց հանդիսատեսի հետ եւ որպէս եզրափակիչ խօսք ասաց. «Առաջին անգամն է, որ լինում եմ Նոր Ջուղայում եւ ապշած եմ ձեր մշակոյթով ու ձեր պապերի թողած աւանդով: Գլուխ եմ խոնարհում ձեր ու ձեր պապերի առջեւ, որ չորս դարերի ընթացքում կերտել էք նման մշակոյթ»:

Ցուցադրումն արժանացաւ հանդիսատեսի գնահատանքին՝ պատմական Արցախի ու Արցախեան շարժման կապակցութեամբ նորանոր ծալքեր երեւան բերելու համար: 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ