ԼԻՍԲՈՆԻ ՀԻՆԳ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԶՈՀԱԿԱՆ ԱԿՏԻ 35-ԱՄԵԱԿԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԲԱՑՈՒՄԸ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ միաւորի կազմակերպիչ եւ միութեան Ֆուտբոլի յանձնախմբերի, ուրբաթ՝ թւականիս յուլիսի 27-ի երեկոյեան, միութեան մարզասրահում տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցաշարի հանդիսաւոր բացումը՝ նւիրւած հինգ անձնազոհ մարտիկներ՝ Սեդրակ Աճէմեանի, Վաչէ Դաղլեանի, Արա Քերջլեանի, Սիմոն Եահընեանի եւ Սարգիս Աբրահամեանի անձնազոհական ակտի 35-ամեակին: Երեկոն սկիզբ առաւ դրօշակի արարողութեամբ, որից յետոյ ներկաները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակը:

Ներկաներին ողջունեցին եւ բացման խօսքով հանդէս եկան միջոցառման հանդիսավարներ՝ Տաթեւիկ Տէր-Մարտիրոսեանը եւ Արթուր Քամարզարեանը, ապա ելոյթ ունեցաւ Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախագահուհի Վեհանուշ Խուդաբախշեանը: Գեղարւեստական բաժնում «Լիսբոնի երգը» ասմունքի համադրութեամբ կատարեցին Արփինէ Մովսիսեանը եւ Դւին Յովհաննիսեանը: Ընթացքում ասմունքի եւ երգի կատարումներով հերթաբար ելոյթ ունեցան՝ Ստեփանիա Յակոբեանը եւ Լուսիա Գալստեանը, կատարելով Գէորգ էմինի «Հայրենիք» բանաստեղծութիւնը եւ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը, իսկ սկաուտներից կազմւած երգչախումբը կատարեց «Նջդեհիկների երդումը» եւ «Ոչ չեն մեռնում հերոսները» երգերը: 

Գեղարւեստական բաժնի աւարտին սկսւեց մրցութային բաժինը, որտեղ մրցադաշտ իջան «Արարատ» եւ «Արցախ» խմբերը: 

Նշելի է, որ Նոր Ջուղայում, ամենամեայ կարգով անցկացւող Լիսբոնի հինգ հերոսներին նւիրւած հնգօրեայ ֆուտբոլի մրցաշարը, կազմակերպւում է հայ համայնքի երիտասարդներից կազմւած սիրողական խմբերի մասնակցութեամբ: Այս տարւայ մրցաշարին մասնակցութիւն էին բերել՝ «Արարատ», «Արցախ», « Բռունցք», «Զեփիւռ», «Նայիրի» եւ «Արքա» խմբերը: 

Հնգօրեայ մրցութիւնների արդիւնքում, յուլիսի 30-ի երեկոյեան մրցեցին, եզրափակիչ փուլ անցած «Արարատ» եւ «Արցախ» խմբերը: Խաղը աւարտւեց 4-3 հաշւով, յօգուտ «Արարատ»-ի: Մրցութեան աւարտին առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցրած խմբերի մարզիկները,  մրցավարները եւ Միութեան Ֆուտբոլի յանձնախումբը գնահատւեցին գնահատագրերով եւ յուշանւէրներով: 

Մրցութիւնները անշահախնդրօրէն վարեցին Էդմոնդ Բաղդասարեանը, Կարօ Շահբազեանը եւ Արթին Մելիքեանը:

Խաղերի կազմակերպիչ յանձնախումբը ներկայացնում էին՝ Սեպուհ Վարդանեանը, Մանիա Բեգիջանեանը, Լուսիա Գալստեանը, Սասուն Սիմոնեանը, Տաթեւիկ Տէր-Մարտիրոսեանը, Ռուբէն Խոսրովեանը եւ Հարմա Կարապետեանը, իսկ յանձնախմբի եւ միաւորի Գերագոյն մարմնի կապը Նարեգա Սիմոնեանն էր:

 

Յիշեցման կարգով նշենք, որ 1983 թ. յուլիսի 27-ին, Հայ Յեղափոխական Բանակի հինգ տղաները անձնազոհական մի ակտով զինւած յարձակում կատարեցին Պորտուգալիայի մայրաքաղաք՝ Լիսբոնում տեղակայւած Թուրքիայի դեսպանատան վրայ եւ 3-ժամեայ գրաւումից յետոյ՝ պայթեցրին այն ու փլատակների տակ ողջակիզւելով բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնն ու Հայ Դատի արդար լուծում գտնելու պահանջատիրութիւնը:

 

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան

թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Լուսանկարները՝ հեղինակի

 

 

 

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ