Ն. Ջ. ՀԱՅ Մ. Մ. «ԱՐԱՐԱՏ» ՄԻՈՒԹԵԱՆ «ԿՌՈՒՆԿ» ՊԱՐԱԽՄԲԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախումբը, գեղարւեստական ղեկավարութեամբ պարուսոյց Նունէ Մկրտչեանի, չորեքշաբթի՝ յուլիսի 4-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում ներկայացաւ տարեկան համերգով: 

Երեկոյի մեկնարկը տրւեց կրտսեր պարախմբի սաների կատարմամբ՝ «Դէ ժպտա» մանկական պարի աշխոյժ ու հետաքրքիր բեմադրութեամբ, որից յետոյ ներկաներին ողջունեցին շնորհալի հանդիսավարուհիներ՝ Սօսէ Ասատրեանն ու Լիանա Ղազարեանը, ովքեր բացման խօսքից յետոյ հակիրճ տողերով անդրադարձան 25-ամեայ «Կռունկ» համոյթի հիմնադրման պատմականին ու կենսագրական գծերով ներկայացրեցին խմբի պարուսոյց եւ գեղարւեստական ղեկավարին: Համերգը շարունակւեց «Կռունկ»-ի աւագ եւ պատանեկան խմբերի կատարմամբ՝ «Գորանի» եւ «Էրզրումի շորոր» հեզաճկուն պարերով: Երեկոյի ընթացքում «Կռունկ» պարախումբն ու կրտսեր, պատանի եւ միջին դասարանի սաները ելոյթ ունեցան հայկական ու օտար ազգերի եւ ժամանակակից շուրջ 20-խմբական պարային համարներով, որոնք ընդմիջւեցին «Կռունկ» ասմունքի խմբի անդամներ՝ Ալինա Տէր-Սուքիասեանի, Լեռնիկ Ծատուրեանի եւ Վանէ Յարութիւնեանի ասմունքների անզուգական կատարմամբ՝ Ռիմա Սիմոնեանի պատասխանատւութեամբ։ Մենապարերով հանդէս եկան Սիւնէ Շահիջանեանը եւ Նազէ Ասատրեանը, որոնք արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջոյններին ու գնահատանքին: 

Համերգի վերջին համարը «Սասունի» պարն էր, որի աւարտին բեմ հրաւիրւեցին համերգին մասնակիցներն ու պարուսոյց՝ Նունէ Մկրտչեանը, որոնց Մշակութային միաւորի վարչութիւնը առ ի շնորհաւորանք նւիրեց ծաղկեփունջ: 

Նշելի է, որ համոյթի բարձրորակ ելոյթից բացի՝ առանձնապէս մեծ գնահատանքի արժանի է փոքրիկ տղաների ներկայութիւնը, որի բացը նախորդ շրջանների համերգներում խիստ զգալի էր, նաեւ այն, որ ինչպէս հաղորդավարը նշեց՝ «Սփիւռքեան պայմաններում աւելի քան 70 անդամ-ուհիներ համխմբելը եւ մշակութային ձեռնարկ իրականացնելը իրօք, որ հերոսութիւն է, ինչը վկայում է Նունէ Մկրտչեանի տքնաջան աշխատանքի, միութեան պատասխանատուների, միութենականների ու ծնողների համատեղ ջանքերի ու միասնականութեան փաստի մասին»: 

Համերգային երեկոյին ներկայ էին ազգային մարմինների, քահանայից դասի եւ Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչներն ու «Կռունկ» համոյթի հաւատարիմ հանդիսատեսը: 

 

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 

թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեանի

 
 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ