ՇԱՀԻՆՇԱՀՐԻ ՀԱՅՈՑ ԱԶԳ. «ՆԱՐԵԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ-ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՁԵՌՆԱՐԿԸ

Չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 30-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում, տեղի ունեցաւ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդէսը, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ տեղի հայ համայնքի վարչութեան ու միութիւնների ներկայացուցիչների, սաների ծնողների ու հարազատների եւ մի շարք այլ հրաւիրեալների: 

Երեկոն սկիզբ առաւ ՀՀ օրհներգով, որից յետոյ բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ դպրոցի տնօրինուհի Կարինէ Մինասքանեանը: Նա նշելով, որ դպրոցական կեանքը պէտք է կազմակերպել այնպէս, որն աշակերտին ուղեկցի դէպի նոր ու լուսաւոր ապագայ, շնորահակալական խօսք յայտնեց հոգեւոր հայրերին, ազգային մարմիններին, դպրոցի աշխատակազմին, ծնողական խորհրդին ու բոլոր այն անհատներին, ովքեր համագործակցութիւն են ցուցաբերել դաստիարակչական աշխատանքների իրականացման գործում: 

Այնուհետեւ մեկնարկեց խանդավառ գեղարւեստական բաժինը՝ աշակերտների կատարմամբ: Սկզբում նախակրթարանի սաները ներկայացրին բոլոր աշակերտներին՝ յատկապէս ընդգծելով նրանց յատկութիւնները, որից յետոյ դպրոցի աշակերտութիւնը խմբական ու անհատական կատարումներով հնչեցրեց երգերի շարան՝ նւիրւած գարնանը, հայ զինւորին, հայ մշակոյթին  ու մայրերին եւ … 

Լուսանկարների ցուցադրմամբ զեկուցւեց դպրոցի 2017-2018 ուսումնական տարեշրջանի աշխատանքների մասին, ապա փոքրիկները կատարեցին իրենց պարային ելոյթը: 

Թեմակալ առաջնորդի, հոգեւոր տեսուչ Հայր Սուրբի, Կրթական խորհրդի ատենապետուհի Մարգարիտ Դաւթեանի եւ դպրոցի տնօրինուհու միջոցով կատարւեց աշակերտների վկայագրերի բաշխման արարողութիւնը: 

Այնուհետեւ ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Սրբազան Հայրը, ով երեկոն գեղեցիկ հաշւետւութիւն համարեց այն լայնածաւալ աշխատանքներից, որոնք իրականացւել են սաների հայեցի դաստիարակութեան եւ կրթութեան ուղղութեամբ:   Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը գնահատելով աշակերտական ելոյթները, աւելացրեց, որ փոքրիկներն այսօր փորձեցին մեզ սովորեցնել անվախ ու ժպտերես լինել, նմանին օժանդակել ու սիրել եւ կեանքը թեթեւ տանել:

Վերջում ծնողական խորհուրդը ծաղկեփնջերով գնահատեց դպրոցի անձնակազմին, իսկ «Փերիոյ» կրթ. միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախագահ Ջանիկ Թահմազեանը, նոյն վարչութեան անունից նւէրներ յանձնեց դպրոցի սաներին:

Թղթակից (Շահինշահր)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

 
 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ