ՓԵՐԻՈՅ ԳԱՒԱՌԻՑ ՀԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՒ ԻՐԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ՝ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ

Փերիոյ Կրթ. միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, 2018 թւականի մայիսի 24-ից 26-ը, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում կազմակերպւեց Փերիոյ գաւառի հին լուսանկարների եւ իրերի ցուցահանդէս՝ ՀՀ անկախութեան 100-ամեակի առթիւ, ուր ցուցադրւել էին շուրջ 300 լուսանկարներ գիւղերից եւ առօրեայ կեանքից, ինչպէս նաեւ այդ շրջանին պատկանող կենցաղային իրեր, մանրակերտներ, հին գրութիւններ ու նամակներ: Իրերի եւ լուսանկարների հաւաքագրման գործում միութեանն օժանդակել էր ժողովուրդը: 

Ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ մայիսի 24-ի երեկոյեան, ներկայութեամբ՝  Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, քահանայից դասի, ազգային մարմինների, ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի, Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. Վարչութեան ու միութիւնների ներկայացուցիչների եւ ժողովրդի: 

ժապաւէնը հատւեց թեմակալ առաջնորդի եւ ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանի միջոցով, որից յետոյ ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ կազմակերպիչ վարչութեան անդամ Գայիանէ Վարդանեանը, ով անդրադառնալով ցուցահանդէսի բնոյթին, նշեց, թէ Փերիոյ գաւառի ժողովուրդը կապւած է իր արմատներին եւ հպարտ է իր անցեալով եւ սոյն ցուցահանդէսի կազմակերպումը այդ կապւածութեան վառ ապացոյցն է: 

Արտայայտւեց մասնաճիւղի վարչութեան նախագահ Ջանիկ Թահմազեանը, որն իր խօսքում ընդգծեց, թէ միջոցառման կազմակերպման նպատակը նախնիների աւանդոյթներն ու ապրելակերպը նոր սերնդին յիշեցնելն ու սովորեցնելն է եղել:

Յաջորդիւ թեմակալ առաջնորդն իր հայրական պատգամն ուղղեց ներկաներին. նա գնահատելով կազմակերպիչներին, նշեց, որ դպրոցի սրահը վերածւել է փոքրիկ թանգարանի, որը իւրաքանչիւրի մէջ կարող է գեղեցիկ յուշեր արթնացնել: Սրբազան Հայրն խրախուսելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, շեշտեց, թէ դրանք կամուրջներ են անցեալի եւ ներկայի միջեւ: 

Ցուցահանդէսն առաւել տպաւորիչ էր դարձել գիւղի տարազով զգեստաւորւած հայուհիների շնորհիւ:  

Յաջորդ օրերի ընթացքում բազմաթիւ հայ եւ պարսիկ հայրենակիցներ այցելեցին սոյն ցուցահանդէս:

Ծրագիրն իրականացւեց ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ:

Թղթակից (Շահինշահր)

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ