ՓԵՐԻՈՅ ԿՐԹ. ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵՆՏ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՆԲ ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ՝ ՆՒԻՐՒԱԾ ՀՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄԵԱԿԻՆ

Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ, 2018 թւականի մայիսի 8-ին եւ 9-ին, նոյն  միութեան կենտրոնատեղիի սրահում կազմակերպւեց նկարչութիւնների ցուցահանդէս՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով: Միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից: 

Ցուցահանդէսի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ երեքշաբթի՝ մայիսի 8-ի առաւօտեան՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանի ձեռամբ մուտքի ժապաւէնի հատումով:

Այնուհետեւ ներկաները սրահ մուտք գործելով մօտկից ականատեսը եղան Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքներից 7 տաղանդաւոր արւեստագէտի զանազան ոճերով նկարչութիւններին: Ցուցահանդէսին իրենց հետաքրքիր եւ իւրայատուկ աշխատանքներով մասնակցել էին՝ Գեղանի Առաքելեանը, Նայիրի Ղազարեանը, Ադրինէ Քեշիշեանը, Արփա Մարգարեանը, Մետաքսիա Միրզայեանսը, Գայիանէ Մինասեանն ու Մելիսա Խան-Մելիքեանը:

Արտայայտւեց Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան նախագահ Վահան Թահմազեանը, ով ողջոյնի խօսք ուղղելով ներկաներին, իր ուրախութիւնը յայտնեց նման տաղանդաւոր երիտասարդուհիների աշխատանքները ցուցադրելու համար:

Այնուհետեւ Սրբազան Հօր ձեռամբ, միութեան վարչութեան կողմից պատրաստւած յուշանւէրները շնորհւեցին գեղանկարչուհիներին, ինչպէս նաեւ ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի եւ Նոր Ջուղայի տօնակատարութեան ենթայանձնախմբի ատենապետներ՝ Թաթուլ Օհանեանին ու Հրաչ Տէր-Յովհաննիսեանին՝ ծրագիրը հովանաւորելու եւ այս ուղղութեամբ հարկ եղած համադրութիւններն ի կատար ածելու համար:

Բացման ծրագրի աւարտին իր հայրական խօսքը փոխանցեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Նա հիասքանչ արւեստի նմուշների ականատեսը լինելու առթիւ՝ իր գնահատանքի խօսքն ուղղեց արւեստագէտ երիտասարդուհիներին ու ցուցահանդէսի կազմակերպիչներին, ապա նկատել տալով, որ սոյն վայրը մինչեւ միութեան կենտրոնատեղիի վերածւելը աւելի քան մէկ դար եղել է հայկական դպրոց, ընգծեց, թէ այս ցուցահանդէսի շնորհիւ շէնքը դարձեալ որպէս դպրոց յարութիւն առաւ: Նա աւելացրեց, որ ցուցադրւած գործերը կարողացան արտացոլել մեր նոր սերնդի ուժն ու կարողութիւնները:

Ծրագրին ներկայ էին նաեւ ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները եւ ժողովուրդ: 

Թղթակից (Նոր Ջուղա) 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ