ԱՄԱՆՈՐԻ ԽԱՆԴԱՎԱՌ ՀԵՏՔԵՐԸ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ-ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած բեմային ձեռնարկներից՝ ամանորեայ հանդէսը, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, ուր ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները: 

Մանկական խանդավառութեան եւ աւելի քան մէկ ամիս ջանասիրաբար կատարած նախապատրաստական փորձերի, ինչու չէ նաեւ դպրոցի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի իրականացրած ջերմեռանդ աշխատանքի արգասիքը համարւող այս միջոցառումը բացւած յայտարարւեց մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանի ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով ու բարեմաղթանքներով:

Առաջին ներկայացումն իրականացւեց մանկապարտէզի սաների միջոցով, ուր առանձին խմբերի ներքոյ, Անգլիայի, Բրազիլիայի, Ռուսաստանի, Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների տարազներով զգեստաւորւած փոքրիկները, պատկան երկրի աւանդական պարերի ներկայացմամբ, ինչու չէ նաեւ աւանդոյթների ու տեսարժան վայրերի մասին ասմունքներով, բացատրեցին Նոր տարին դիմաւորելու իրենց ձեւերը: Խմբերից իւրաքանչիւրը կոչ էր անում Ձմեռ պապիկին 2018 թւականն անցկացնի իր երկրում: Անգլիացիների, բրազիլիացիների եւ ռուսաստանցիների դերերը մարմնաւորեցին մանկապարտէզի Դեղին խմբակի սաները, իսկ որպէս արցախցիներ ու հայաստանցիներ՝ հանդէսին հայկական շունչ հաղորդեցին կրտսեր խմբակի՝ Վարդագոյնի մանուկները: Ներկայացումը եզրափակւեց տօնական երգերի ու արտասանութիւնների խմբական կատարմամբ եւ Ձմեռ պապիկի այցելութեամբ:

Երկրորդ արարի ներքոյ բեմը զարդարեցին նախակրթարանի աշակերտները, ովքեր բեմականացրին «Ցանկութեան ջրհորը»-ը: Երգերի, ասմունքների ու պարային շարժումների մենակատարումներով ողողւած այս բաժնում երեխաները աշխարհահռչակ հեքիաթը մատուցեցին իւրայատուկ կերպով՝ տօնական տարբերակով, որտեղ պատմութեան երեք գլխաւոր հերոսուհիները՝ պարծենկոտ, ծոյլ ու բարեսիրտ քոյրերը եւ չարաճճի ծաղրածուները ցանկութեան ջրհորում բարի էլֆերի օգնութեամբ, ոչ միայն իրականութիւն դարձրին իրենց երազանքներն ու իղձերը, այլեւ գտան բարոյական արժէքներն ու  երկար սպասւած Ձմեռ պապիկին: Ընթացքում հնչեցին նաեւ տօնական երգեր՝ խմբական կատարմամբ: 

Իւրաքանչիւր ներկայացման աւարտին մանուկները Ձմեռ պապիկից ստացան գեղեցիկ մրգեր:

Խանդավառ երեկոն եզրափակւեց թեմակալ առաջնորդի հայրական օրհնանքով: Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը մանուկների ելոյթը գունագեղ եւ հրաշալի անւանելով՝ ընդգծեց, որ սաները որպէս ադամանդներ փայլեցին բեմում: Նա իր խօսքի շարունակութեան մէջ նշելով, որ մեզանից խրատներ լսող փոքրիկներն այս հանդէսով իրենք մեզ բարոյական խրատներ տւեցին, աւելացրեց, թէ այսօր մանուկներն իրենց տւած կեանքի ամենագեղեցիկ դասերով բարոյական նւէրներ շնորհեցին մեզ, ինչը շատ կարեւոր եւ անհրաժեշտ է: Առաջնորդ Հայր Սուրբն իր խօսքն աւարտեց բարեմաղթանքներով ու շնորհակալական խօսքով ուղղւած՝ դպրոցի պատասխանատուներին ու աշխատակազմին: 

Ամանորն աւելի գունեղ եւ տպաւորիչ դարձնելու նպատակով մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուների միջոցով կազմակերպւել էին նաեւ այլ միջոցառումներ: Այս ծիրում ուրբաթ՝ դեկտեմբերի 22–ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ նկարահանում-դաշտահանդէս, ուր համայնքի անդամները երեկոն վայելեցին զւարճալի խաղերով, համեղ ուտելիքներով ու գեղեցիկ յարդարւած բեմում Ձմեռ պապիկի հետ լուսանկարւելով, իսկ երկուշաբթի՝ դեկտեմբերի 25–ին, դպրոցի շրջափակում իրականացւեց աւանդոյթի վերածւած «Նախօրեակ» կոչւող ջերմ ու մտերմիկ տօնախմբութիւնը, որտեղ սաները պարեցին եւ ուրախացան Ձմեռ պապիկի հետ ու վերջում նւէրներ ստացան նրանից:

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ