ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՅԹ-ՓԱՌԱՏՕՆ՝ ՆՒԻՐՒԱԾ «ԿՌՈՒՆԿ» ԱՍՄՈՒՆՔԻ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 25-ԱՄԵԱԿԻՆ

Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան, թւականիս նոյեմբերի 23-ին եւ 24-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ ասմունքի մրցոյթ-փառատօն՝ նւիրւած միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի հիմնադրման եւ գործունէութեան 25-ամեակին:

Երեկոյի մեկնարկը հանդիսացաւ Հայաստանեան եւ իրանահայ անւանի բանաստեղծների ստեղծագործութիւնների, հայ երգի ու պարի մի անզուգական համադրութիւն՝ որը կատարեցին «Կռունկ» համոյթի աւագ անդամներ՝ Կարին Տէր-Մարտիրոսեանը, Լեռնիկ Ծատուրեանը, Մանիա Ղուկասեանը, Լալագէ Իսաղուլեանը, Ալինա Տէր-Սուքիազեանը, Թալին Մովսիսեանը եւ Կարէն Խանլարեանն ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի երիտասարդ մենակատարներ՝ Վանա Շիրւանեանը եւ Թանիա Մինասեանը, ինչը սկսւեց «Կռունկ» երգով ու աւարտւեց «Ես իմ անուշ Հայաստանի» երգ ու ասմունքով:

Յաջորդ բաժնում, երեկոյի հաղորդավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը ողջունելով ներկաներին, գեղեցիկ ակնարկ կատարեց «Կռունկ» ասմունքի խմբի վերաբերեալ, այնուհետեւ ներկայացրեց մրցոյթը դատելու դժւարին պարտականութիւնը ստանձնած իրավարար կազմի անդամներ՝ Թեհրանից ժամանած ասմունքող՝ Արտոյտ Զոհրաբեանին եւ «Կռունկ» ասմունքի խմբի աւագ անդամներ՝ Լեռնիկ Ծատուրեանին ու Արթին Մուրադեանին: 

Մրցոյթին մասնակցութիւն էին բերել Անժել Մինասեանի ղեկավարութեամբ աշխատող՝ Թեհրանի Հայ Մշակութային «Սիփան» եւ Հայ Ուսումնասիրաց Չհարմահալ միութիւնների ասմունքի խմբերի եւ Ռիմա Սիմոնեանի գլխաւորութեամբ աշխատող՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի ներկայացուցիչները, ովքեր հանդէս եկան հայ գրականութեան գոհարների յաջող կատարումներով։ 

Նոյմբերի 24-ին, երեկոյի բացումը կատարեց հաղորդավարուհի Մանիա Ղուկասեանը. անդրադառնալով «Կռունկ» ասմունքի խմբի յաջողութիւններով ու մեծ ձեռքբերումներով լի անցած ուղուն, բեմ հրաւիրեց Արտոյտ Զոհրաբեանին, ով ներկաներին ողջունեց բանաստեղծական կտորի կատարումով, այնուհետեւ բեմը տրամադրւեց մրցոյթի մասնակիցներին: 

Երկու երեկոների ընթացքում, մէկը միւսին յաջորդող ասմունքի յաջող ելոյթները ընդմիջւեցին Մեղրի Ղուկասեանի ասմունքի կատարմամբ եւ պարախմբի «Յիշողութեան տւայտանք», «Տանգօ» եւ «Մանրանկար» պարային համարներով՝ պարուսոյց Նունէ Մկրտչեանի ղեկավարութեամբ: Նշելի է, որ պարախումբը ներկայացնում էին Քրիստինէ Յակոբեանը, Ալինա Տէր-Սուքիասեանը, Արթուր Բաղրամեանը, Լեռնիկ Ղազարեանը, Վանէ Մինասեանը, Աւենիա Բաղրամեանը եւ Սիւնէ Շահիջանեանը։

Մրցութային փուլի աւարտին Մշակութային միաւորի խօսքով հանդէս եկաւ միաւորի վարչութեան նախագահ՝ Քարմէն Ղեւեանը. Նա անդրադառնալով երկու օրերի ընթացքում իրականացւած հոյակապ ելոյթներին, անդրադարձաւ «Կռունկ» ասմունքի խմբի կազմաւորման նպատակներին, որն է՝ հայ մշակոյթի պահպանումն ու զարգացումը եւ լիարժէք կերպով ներկայացնելու գաղափարը: Շարունակութեան մէջ նշեց. «Խումբն իր 25-ամեայ բեղուն գործունէութեան ընթացքում դաստիարակել է մի քանի սերունդներ, նրանց մէջ սերմանելով հայկական ինքնութիւնն ու դիմագիծը եւ նպաստել է հայ գրականութեան պահպանմանն ու տարածմանը»: Տկն. Ղեւեանը բարձր գնահատանքով Խօսեց «Կռունկ» համոյթի յաջող եւ հանդիսատեսի բարձր գնահատանքին արժանացած համերգների մասին, որոնք իրականացւել են Նոր Ջուղայում, Իրանի հայահոծ քաղաքներում, Հայաստանում եւ սփիւռքի այլ համայնքներում: «Անշուշտ իւրաքանչիւր խմբի յաջողութեան գրաւականը իր ղեկավարն է, որն իր գործունէութեամբ ի զօրու է բարձրացնել խմբի որակն եւ այն առաջնորդել դէպի լաւագոյնը: Ամբողջ 25-տարիների ընթացքում խումբն ամենայն սիրով ու նւիրւածութեամբ ղեկավարել եւ սերունդներ է դաստիրակել խմբի գեղարւեստական ղեկավար եւ պատասխանատու՝ Ռիմա Սիմոնեանը»,- ընդգծեց նա եւ իր խօսքն աւարտեց շնորհաւորանքի եւ բարեմաղթանքների արտայայտութիւններով:

Մինչ իրաւարար կազմի նշանակած գնահատականների ամփոփումը, ներկաները վայելեցին երգչուհիներ՝ Վանա Շիրւանեանի եւ Թանիա Մինասեանի կատարումները՝ խմբավար-երաժիշտ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ: 

Այնուհետեւ հայ մշակոյթի պահպանման եւ զարգացման նշանակալի աւանդի համար պարգեւատրւեց խմբի ղեկավար՝Ռիմա Սիմոնեանը, ով խօսք առնելով, իր հպարտութիւնը յայտնեց առ այն որ ծառայում է հայ լեզւին ու գրականութեանը եւ նշեց, որ ներկայի դժւարին պայմաններում պոէզիայի շուրջ համախմբւելու եւ աշխատելու դժւարութիւնները կը հասկանան այն խմբերը եւ միութիւնները, որոնք աշխատում են այդ բնագաւառներում եւ խումբը պահպանելու խնդիրների առջեւ են կանգնած: Տկն. Սիմոնեանը իր խօսքի շարունակութեան մէջ շնորհակալական խօսք ուղղեց խմբի անդամ-ուհիներին, միութեան Կենտրոնական եւ Մշակութային միաւորի վարչութիւներին, նաեւ ազգային իշխանութեանը՝ խմբին միշտ սատար հանդիսանալու եւ համայնքային կեանքը կանգուն պահելու համար: Առանձնապէս շնորհակալական խօսք ասաց մասնակից միութիւններին եւ իրաւարար կազմի անդամ՝ Արտոյտ Զոհրաբեանին, որոնք ընդառաջելով հրաւէրին մասնակից դարձան յոբելենական ձեռնարկին: Նա երախտանքի խօսք ուղղեց նաեւ հանդիսատեսին, որ միշտ իր խրախուսիչ ներկայութեամբ պատճառ է հանդիսացել քայլել անւարան: 

Գնահատագրերով պարգեւատրւեցին նաեւ «Կռունկ» ասմունքի խմբի աւագ անդամ-ուհիներ՝ Կարին Տէր-Մարտիրոսեանը, ով վերջին տարիներում խմբի գեղարւեստական ղեկավարութեան մաս է կազմում, Արթին Մուրադեանը, Լեռնիկ Ծատուրեանը, Գայիանէ Եղիազարեանը, Թալին Մովսիսեանը, Մանիա Ղուկասեանը, Ալինա Տէր-Սուքիասեանը, Լալագէ Իսաղուլեանը, Կարէն Խանլարեանը, Մեղրի Ղուկասեանը եւ Ալինա Ալեքսանդրանը, մրցութեանը մասնակից Թեհրանի միութիւնները եւ Արտոյտ Զոհրաբեանը, ով որպէս իրաւարար կազմի անդամ հրաւիրւեց նաեւ մրցութեան արդիւնքները ներկայացնելու համար: Պրն. Զոհրապեանը Մշակութային միաւորին յանձնեց նոր հրատարակւած գրականութիւն, որից յետոյ ըստ արտայայտիչ ելոյթի եւ բեմային կեցւածքի, լաւ, շատ լաւ եւ գերազանց կարգի գնահատագրեր յանձնւեց ասմունքողներին: Գնահատագրերը յանձնեցին՝ Թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, թեմի Պատգ. ժողովի ատենապետ եւ միութեան արտօնատէր՝ Թաթուլ Օհանեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանը եւ Միութեանս Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մասիս Մինասեանը: 

Որպէս փառատօնի փակում խօսքը տրւեց թեմակալ առաջնորդ Հայր Սուրբին, ով բարձր գնահատելով իրականացւած մրցոյթ-փառատօնը, ասաց. ««Կռունկ»-ը իրականում աւելի լայն սիրտ ունի, քան իր համատարած թեւերը, երբ ճախրում եւ վերելք է գործում. մենք տեսանք, որ խտրութիւն չկայ «Կռունկ»-ի մօտ. նա ընդունել է, ոչ միայն իր հարազատ զաւակներին, այլ նաեւ որդեգրել է իրանահայութեան ասմունքող զաւակներին: «Կռունկ»-ի թափահարումը նրա պարախումբն է, իսկ նրա կանչը ասմունքի խումբը»: Հայր Սուրբն իր խօսքն աւարտեց շնորհաւորանքի, շնորհակալութեան եւ գնահատանքի խօսքերով, ուղղւած փառատօնի իրականացմանը աջակցող բոլոր մասնակիցներին: 

Ստորեւ ներկայացնում ենք «Կռունկ» ասմունքի 25-ամեակին նւիրւած ասմունքի մրցոյթ-փառատօնի արդիւնքները՝ 

Գերազանց ելոյթ ունեցան՝ Վանէ Մակարեանը, Նազէ Ասատրեանը, Շաղիկ Մատթէոսեանը, Վանանդ Իսաղուլեանը, Մինելի Մանուկեանը, Թանիա Մինասեանը, Նարէ Վարդանեանը եւ Արփա Մարգարեանը։

Շատ լաւ անւանակարգին արժանացան՝ Փիւնիկ Քեշիշեանը, Անի Ղազարեանը, Ալինա Ալեքսանդրեանը, Վանէ Յարութիւնեանը, Լիլիթ Գէորգեանն ու Նարէ Ղազարեանը։

 Լաւ գնահատագրերին արժանացան՝ Վանէ Տէր-Ղազարեանը, Ռոդա Բաբախանեանը եւ Էմին Մարտիրոսեանը։

 «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացան Նազէ Ասատրեանը եւ Վանանդ Իսաղուլեանը:

 

 Ն. Ջ. Հայ Մ.Մ.« Արարատ» միութեան

 թղթակից Երանուշ Թահմազեան

 Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեանի

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ