ԵԶՐԱՓԱԿԻՉ ՁԵՌՆԱՐԿՈՎ ԱՒԱՐՏՒԵՑ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ-ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդիսաւոր ձեռնարկը տեղի ունեցաւ ուրբաթ՝ յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Կրթական խորհրդի ներկայացուցիչների եւ դպրոցի աշակերտութեան ծնողների ու հարազատների: 

Բացման խօսքով հանդէս եկաւ դպրոցի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանը: Նա նշելով, թէ երեխաները հրաշք են իրենց պարզութեամբ ու անմեղութեամբ, կարեւորութեամբ ընդգծեց՝ հարկաւոր է վարւել այնպէս, որ մանուկների մօտ երբեք չխամրի լաւատեսութեան եւ աշխարհը գեղեցիկ ընկալելու ունակութիւնները: Տկն. Դիլանչեանը յատկապէս շեշտելով, որ երեխաները իւրաքանչիւր օր պէտք է արժանանան մեր գուրգուրանքին ու խնամքին, յունիսի 1-ը՝ մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը, պատեհ առիթ համարեց՝ կեանքի այս բողբոջների նկատմամբ մեր բացթողումների եւ ապագայ անելիքների մասին առաւել խորհելու համար:

Երեկոյի գեղարւեստական բաժինը կազմւել էր երեք արարներից: Ծրագրի առաջին բաժնում տիկնիկներին ու խաղալիքներին նւիրւած մանկական գեղեցիկ երգերով ու արտասանութիւններով ելոյթ ունեցան կրտսերները՝ Վարդագոյն խմբակի սաները, ովքեր իրենց տիկնիկներն ամուր գրկած ներկաների խանդավառ տրամադրութիւնը բազմապատկեցին նաեւ երգերը համեմող շարժումներով: Երկրորդ արարն իրականացւեց մանկապարտէզի աւագ դասարանի Դեղին խմբակի աշակերտների միջոցով, որտեղ հանդիսատեսին հայկական շունչ ու հոգի հաղորդւեց՝ մանկական ժողովրդական ու հայրենասիրական երգերի խմբական կատարումներով ու մեներգերով: Մի խօսքով ծրագրի այս հատւածը մի փոքրիկ Հայաստան էր՝ իր հարազատ բուրմունքով ու կանչով: Եզրափակիչ հանգրւանում իրագործւեցին նախակրթարանի սաների կատարումները, ուր նրանք նաւաստիների կերպար ընդունած փնտրում էին իրենց նաւակի անունը: Երգերով ու երկխօսութիւններով ողողւած այս ներկայացման աւարտին նաւաստիներին օգնութեան հասան ծովաստղերը՝ հանելուկների միջոցով նրանց յուշելով իրենց նաւի անունը՝ «Այբբենարան»-ը: Նախակրթարանի ծրագիրն աւարտւեց աւանդոյթ դարձած «Հրաժեշտ այբբենարանին» երգով ու շրջանաւարտների միջոցով աւարտական գլխարկների վեր նետումով:  

Խանդավառ եւ աշխոյժ կատարումներին յաջորդեց թեմակալ առաջնորդ Հայր Սուրբի հայրական պատգամը: Նա սկզբում մասնաւորապէս անդրադառնալով իւրաքանչիւր արարին՝ գնհատեց բոլոր ելոյթները եւ դպրոցի պատասխանատուների կատարած աշխատանքը՝ ծրագրի իրականացման ուղղութեամբ, ապա շեշտելով, որ այսօրւայ մատաղ սերունդը համայնքի վաղւայ ղեկավարն է դառնալու, կարեւորութեամբ ընդգծեց՝ եթէ թեմի ազգային իշխանութիւնը, դպրոցի տնօրինութիւնն ու ուսուցչական կազմը, ինչու չէ նաեւ ծնողները միասնաբար հոգածութիւն ցուցաբերեն այս բալիկների նկատմամբ, նրանք ապագայում հայ ազգի լաւագոյն նաւաստիները դառնալով՝ համայնքի եւ հայրենիքի նաւը կուղորդեն դէպի պայծառ ապագայ: Վերջում թեմակալ առաջնորդն առաւել իմաստութիւն եւ յաջողութիւն մաղթեց Կրթական խորհրդին ու դպրոցների պատասխանատուներին՝ նոր սերնդի այս ծաղիկներին լաւագոյն գուրգուրանքի արժանացնելու համար:

Այնուհետեւ ձեռամբ գերպ. Հայր Սուրբի, Կրթական խորհրդի ատենապետուհի Մարգարիտ Դաւթեանի, դպրոցի տնօրինուհու եւ պատկան ուսուցչուհիների, առանձնաբար տեղի ունեցաւ մանկապարտէզ-նախակրթարանի սաների վկայագրերի բաշխման արարողութիւնը:

Վերջում կից սրահում ներկաներն այցելեցին աշակերտների անհատական եւ խմբական ձեռքի աշխատանքներից կազմւած ցուցահանդէս:

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան
 
 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ