ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՕՆԱԽՄԲՈՒԹԵԱՄԲ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ ՆՇՒԵՑ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 25-ԱՄԵԱԿԸ

Նախաձեռնութեամբ շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի, հինգշաբթի՝ մայիսի 11-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, կայացաւ Արցախ աշխարհի հինաւուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրման փառապանծ առիթի 25-ամեակին նւիրւած ժողովրդական տօնախմբութիւնը՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների մասնակցութեամբ:

Երեկոն բացւած յայտարարւեց հանդիսավար Վեհանուշ Խուդաբախշեանի ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով, այնուհետեւ ընթացքում նոյն հանդիսավարի միջոցով հնչեցին պանծալի յաղթանակին առնչւող ոգեշնչող խօսքեր ու տեղեկութիւններ, ցուցադրւեցին տեսանիւթեր, իսկ հայրենասիրական երգերի մենակատարումով հանդէս եկան տաղանդաշատ մեներգիչներ՝ Էդւին Մանուկեանը, Թանիա Մինասեանը, Վանա Շիրւանեանն ու Անի Ղազարեանը: 

Յատկանշական է, որ այս շրջագծում իրենց աշխոյժ դերակատարութիւնը ցուցաբերեցին Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան եւ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութիւնները՝ իրենց յատկացւած առանձին կրպակներում: Կանանց Գթութեան միութեան միջոցով ցուցադրւել եւ վաճառքի էին հանւել Արցախից բերւած յուշանւէրներ, իսկ «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան նախաձեռնութեամբ, մանուկներին նւիրւում էին հայոց եռագոյնը խորհրդանշող փուչիկներ, խորհրդանշական պատկերներ էին դաճւում նրանց դէմքերին, համապատասխան սկաւառակների տրամադրումով հակիրճ տեղեկութիւններ էին փոխանցւում Արցախի տեսարժան վայրերի կապակցութեամբ եւ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վարկանիշը բարձրացնելու նպատակով՝ արձանագրւում էին ֆիլմի օգտին քւէները IMDB կայքէջում: Պատանեկան միութեան անդամները հանդէս եկան նաեւ հայկական շուրջպարի կատարմամբ, որին միացաւ ժողովուրդը:

Ծրագրում Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ եւ Արցախի ազգային վիճակախաղի վերջին երկու շրջանների տոմսերի վաճառման գործը թեմիս սահմաններում կազմակերպող յանձնախմբերի պատասխանատուներ՝ Ադիկ Ղեւեանի, Իւետ Բալեանի եւ Րաֆֆի Մկրտչեանի միջոցով, նախորդ շրջանի (4-րդ շրջան) վիճակախաղի թեմիս երկու յաղթողներին շնորհւեցին իրենց նւէրները:

Տօնախմբութեանը մասնակցել էին նաեւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ու ազգային մարմինների ներկայացուցիչները:

Թղթակից (Նոր Ջուղա)
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ