ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ԲԱՑՈՒՄ՝ ՊԱՐՍԻԿ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ ապրիլի 26-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, պարսիկ հայրենակիցների ներկայութեամբ, մշակութային միջոցառում իրականացւեց՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակին: Ծրագրին հրաւիրւել եւ ներկայ էին՝ Սպահան քաղաքի 5-րդ շրաջանի քաղաքապետ ճրտ. Ֆառհանգը, պետական բարձրաստիճան պաշտօնատարներ, համալսարանների դասախօսներ, ուսանողներ, արւեստագէտ անհատներ եւ այլ հիւրեր: 

Սկզբում ներկաները բիւրաւոր սուրբ նահատակների յիշատակին ծաղիկներ մատուցեցին յուշարձանին, ապա երեկոյի հաղորդավար Ռուբէն Խաչիկ-Գրիգորեանն անդրադարձ կատարելով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանն ու տարածաշրջանի ապակայունացման ուղղութեամբ Թուրքիայի վերջին տարիների գործողութիւններին՝ խաղաղութիւն հաստատւելու համար կոչ արեց համայն աշխարհին ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը եւ ցեղասպանից հատուցում պահանջել:

Այնուհետեւ առիթին նւիրւած հայերէն, պարսկերէն եւ անգլերէն լեզուներով երգերի կենդանի կատարմամբ ելոյթ ունեցաւ «Արփա» նւագախումբը՝ դոկտ. Արբի Բաբումեանի ղեկավարութեամբ:

Ծրագրի երկրորդ բաժնում Պոլսի հայերէն «Ակօս» թերթի հետ աշխատակցող, լուսանկարիչ Էռհան Առիքի «Արմատների ցաւը, արմատների կանչը» խորագրով լուսանկարների ցուցահանդէսի մտայղացման եւ բովանդակութեան մասին բացատրութիւններով հանդէս եկան իրանահայ դասախօս-լրագրող եւ Թուրքիայի հարցերի մասնագէտ Գրիգոր Ղազարեանն ու նոյնինքը՝ հեղինակը:

Պրն. Ղազարեանը նշելով, որ սոյն ցուցահանդէսի լուսանկարները կատարւել են 2014-2016 թւականներին՝ Հայաստանում եւ Սիրիայի, Պաղեստինի, Լիբանանի, Իրանի, Իրաքի եւ Յորդանանի հայ համայնքներում, աւելացրեց, որ Էռհան Առիքի լուսանկարներում ոչ միայն կարող ենք դիտել անցեալի ցաւոտ հետքը՝ ցեղասպանութիւնից յետոյ ծնւած սերունդների կեանքում, այլեւ գտնել այս ուղղութեամբ բազմաթիւ հարցերի պատասխանները: Նա յոյս յայտնեց, որ անցեալից դասեր քաղելով եւ պատմութեան հետ առերեսւելով՝ խաղաղութիւն է հաստատւելու աշխարհում եւ ապագան կերտւելու է առանց ատելութեան ու խտրականութեան: 

Այնուհետեւ ազգութեամբ թուրք լուսանկարիչ պրն. Առիքը, ով ծնւել է Թուրքիայի Արդահան նահանգի նախկինում հայաբնակ մի գիւղում, բացատրեց, թէ այն տունը, որտեղ ինքը ծնւել ու մեծացել է, մինչեւ ցեղասպանութիւնը պատկանել է մի հայ ընտանիքի եւ ինքն այդ մասին իմացել է միայն 2010 թւականին, իր երզաներից մէկում լսած ձայնի միջոցով, որից էլ խորապէս յուզւել է: Նա իր խօսքի շարունակութեան մէջ աւելացրեց, ինչ որ իմաստով ինքը արդիւնքն է այն մեծ ու որակական ազդեցութեան, որը Հրանդ Դինքի սպանութիւնն է առաջացել Թուրքիայի հասարակութեան աւելի առողջ խաւերում եւ ընդգծեց՝ որոշել է իր մասնագիտութեամբ ու արւեստով՝ հայ ժողովրդի մեծ վշտի ցաւակիցը դառնալ ու առերեսւելով սեփական պատմութեան հետ, առանց ցեղասպանի խարանը կրելով առաջ գնալ:

Էռհան Առիքը ներկաների համար պատմելով նաեւ իր լուսնակարների հերոսներից մի քանիսի յոյզերի ու զգացումների մասին՝ յատկապէս մատնանշեց ցեղասպանութիւնից վերապրածների կեանքում առկայ խորը ցաւը եւ յետագայ սերունդների հոգում տեղ գտած արմատների կանչը:

Երեկոյի աւարտին «Արմատների ցաւը, արմատների կանչը» խորագրով ցուցահանդէսի պաշտօնական բացումը կատարւեց թեմիս կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի միջոցով՝ ներկաներին առիթ ընձեռելով դիտելու խորիմաստ հաւաքածուն:

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ «Ֆոտօ Հայկ»


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ