ՍՊԱՀԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՅՑԸ Ն. Ջ. ՀԱՅ Մ. Մ. «ԱՐԱՐԱՏ» ՄԻՈՒԹԻՒՆ

Սպահանի Քաղաքային խորհրդի անդամ տկն. Վաշիեանփուռը, չորեքշաբթի՝ թւականիս յունւարի 18-ի երեկոյեան ժամը 5:30-ին, նախապէս ճշտւած ժամադրութեամբ, այցելեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն: Այցի նպատակն էր ծանօթանալ միութիւնում կատարւող մարզա-մշակութային աշխատանքներին: 

Նրան դիմաւորեցին միութեան Կենտրոնական եւ Մարզական միաւորի վարչութիւնների ներկայացուցիչներն ու ներքին վարիչը, որոնց ուղեկցութեամբ քաղաքային խորհրդի անդամն այցելեց միութեան մարզասրահ, որտեղ մարզւում էին աղջ. երէց բասկետբոլի խումբը: Տկն. Վաշիեանփուռը խմբի անձնակազմի հետ ծանօթանալուց յետոյ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով շնորհաւորանքի եւ բարեմաղթանքների խօսքեր ուղղեց նրանց: Նա որպէս Քաղաքային խորհրդի միակ կին անդամ, որի ուշադրութեան կենտրոնում են յատկապէս կանայք եւ հետաքրքրւած է կանանց հարցերով, իր պատրաստակամութիւնը յայտնեց հնարաւորութեան սահմաններում աջակցել միութեան յարկի ներքոյ կատարւող մարզա-մշակութային աշխատանքներին: 

Շարունակութեան մէջ արտայայտւեց Կենտրոնական վարչութեան անդամ՝ Ադրինէ Խաչատրեանը, ով ողջունելով տկն. Վաշիեանփուռի այցը «Արարատ» միութիւն, ծանօթացման նպատակով տեղեկութիւններ փոխանցեց միութեան կառոյցի, առաքելութեան եւ ընդհանրապէս ծաւալւող մարզա-մշակութային եւ դաստիարակչական աշխատանքների մասին, ի մասնաւորի կենտրոնացաւ սուպեր լիգայի Բ. կարգը նւաճած աղջ. բասկետբոլի խմբի յաջողութեանը եւ խօսեց Իրանի ազգային հաւաքականներում անւանի հայ մարզիկ-մարզուհիների եւ մարզիչների ներկայութեան մասին: 

Աղջ. բասկետբոլի մարզիչ Զամանփուռը եւս բարձր գնահատեց հայ մարզիկների կարողութիւններն ու միութեան հնարաւորութիւնները եւ անդրադարձաւ մրցոյթներին մասնակցելու առումով պետական աջակցութիւնների կարեւորութեանը: 

Առողջապահութեան, քաղաքային ծաայութեան, մարզա-մշակութային եւ հասարակական յանձնաժողովների անդամը լինելով տկն. Վաշիեանփուռը խոստացաւ ցանկացած հարցով աջակցութիւն ցուցաբերել միութեանը: Վերջում բասկետբոլի խմբի անդամներին, մարզիչին, խմբի պատասխանատու՝ Ռիմա Պետրոսեանին եւ վարչութեան անդամ Անահիտ Սարհատեանին յանձնեց գնահատագրեր:

Համեստ ընդունելութեան սեղանի շուրջ շարունակւեց զրոյցը եւ վերջում յարգելի հիւրը ուղեկցութեամբ միութեան պատասխանատուների շրջեց միութեան բաժինները եւ իր հիացմունքն յայտնեց միութեան կառոյցի, հնարաւորութիւնների, տարւող աշխատանքների եւ կազմակերպւածութեան մասին: 

Հանդիպումն աւարտւեց փոխադարձ շնորհակալական խօսքերով ու բարեմաղթանքներով: 

 
Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
Թղթակից Երանուշ Թահմազեան
Լուսանկարը հեղինակի 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ