Ահւազի թեմապատկան կալւածներին վերահասութիւն տալու շրջագծում Սպահանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի հետեւողական աշխատանքի շնորհիւ, հնարաւոր դարձաւ Ահւազի հայոց եկեղեցու եւ գերեզմանատան նորոգութեան համար ապահովել տեղի Քաղաքապետարանի համագործութիւնը։

Այդ նպատակով, սոյն թւականի նոյեմբերի 10-ից 13-ին, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ Շահէն Թահմազեանն ու Զարեհ Ղարախանեանը ժամանեցին Ահւազ։

Թեմական խորհրդի ներկայացուցիչները նախ այցելեցին հայոց գերեզմանատուն, որտեղ նրանց միացան 7-րդ շրջանի քաղաքապետ Սեյէդ Քամալէդդին Մուսաւին եւ Ճարտարապետութեան ու քաղաքաշինութեան գծով փոխ-տնօրէն Հեդայաթօլլահ Զառեզադէն։

Համաձայն կայացած նախնական փոխհամաձայնութեան, ենթակաները խոստացան թէ՜ գերեզմանատան եւ թէ՜ հայոց եկեղեցու նորոգութեան

 

 

Հովանաւորութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, հինգշաբթի՝ նոյեմբերի 6-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, համերգով հանդէս եկաւ Թեհրանում գործող «Զարթօնք» պարախումբը, գեղարւեստական ղեկավարութեամբ՝ Լորեթա Աւետիսեանի:

Երեկոն նւիրւած էր Հայ մշակոյթի տօնին, որի առթիւ նախ յետնաբեմից հնչեցին հայ գրերի գիւտի եւ մեր նախնիների ստեղծած բազմաբնոյթ ու բազմաոլորտ մշակոյթը ներկայացնող եւ գովերգող տողեր, որտեղ կոչ էր ուղղւած՝ ինչպէս նախնիները, պահել ու պահպանել մշակոյթը եւ որպէս սրբազան ժառանգութիւն փոխանցել յետագայ սերունդներին:

Այս գեղեցիկ յորդորին յաջորդեց պարախմբի ամբողջ կազմի մասնակցութեամբ «Ոգու մարտակոչ» հարսանեկան պարերի ներքոյ աւանդական ծէսերից հատւածներ ներկայացնող խանդավառ համարը:

Այնուհետեւ Հայուհեաց Բարեգործական ընկերութեան անունից  ներկաներին ողջունեց Վեհանուշ Խուդաբախշեանը, ով նախ անդրադարձ կատարելով մշակոյթ հասկացութեանը՝ որպէս ինքնութեան խորհրդանիշ, կենտրոնացաւ պարի ու երգի առանձնայատկութիւններին, նշելով, թէ այս հայկական ոգով եւ ներշնչանքով է հիմք դրւած եւ առաջնորդւած 37-ամեայ «Զարթօնք» պարախումբը:

 

 

Երեկոյի ընթացքում խումբը հանդէս եկաւ 27 հայկական եւ օտար ազգագրական եւ ժամանակակից պարային համարներով ինչպէս՝ «Յիշողութիւն», «Գարուն», «POLKA (1 եւ 2)», «Վաղարշապատ», «Hip Hop-Հայ Արեւ», «Էլեգիա», «Իրանական», «Ղարաբաղ», «Մուսալեռ», «Ուկրայնական (1 եւ 2)», «Hip Hop-Believe» , «Latino», «Սեւան», «Մախմուր աղջիկ» , «Իսպանական», «Տօնական», «Շուշի», «Երազանք», «Ծովից-ծով», «Կարսի երկնքում», «Սարդարապատ», «Աջառական», «Վրացական» եւ «Արցախ» եզրափակիչ պարը, որոնք ընդմիջւեցին երգիչ-ուհիներ՝ Սիփան Մկրտումեանի, Մելանի Աւանէսեանի եւ Մինէ Թահմազեանի կատարմամբ՝ «Հայ Հայ», «Փռէ գոմէշ» եւ «Հայաստան իմ չքնաղ» ոգեշնչող խմբային երգերով, իսկ պարի զուգորդութեամբ Մխիթար Վարդինի կատարմամբ՝ «Show me how you burlesque» երգով, որոնք հիացմունք պատճառեցին դահլիճը լեփլեցուն հանդիսատեսին:

Մինչ երեկոյի եզրափակիչ պարի եւ Մելանի Աւանէսեանի ու Մինէ Թահմազեանի միջոցով «Այայի երկիր Արցախ» զուգերգի կատարումը, Վեհանուշ  Խուդաբախշեանը ելոյթ ունեցաւ շնորհակալական խօսքերով, ուղղւած երեկոյի կազմակերպման գործում դերակատարներին եւ օժանդակողներին:

Յատկանշական է, որ փորձավար կազմի անդամներն էին՝ Անի եւ Թենի Ռաղանեանները, Անահիտ Սեղբոսեանը, Անայիս Հայրապետեանը, Վանէ Բաբումին, Նարինէ Շահնազարեանը, Բեռնարդ Ռաղեանսը, Արէն Դաւթեանը եւ Գամեր Յակոբեանը:

Երեկոյի աւարտին, որպէս շնորհակալական եւ շնորհաւորանքի արտայայտութիւն, Հայուհեաց Բարեգործական ընկերութեան նախագահուհի Մարօ Աղախանեանը ծաղկեփունջ եւ յուշանւէր յանձնեց խմբի ղեկավարին:

Երեկոյին ներկայ էին՝ քահանայաց դասից, ազգային մարմիններից եւ շրջանիս Հայ Դատի յանձնախմբից ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ եւ ժողովուրդ:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

 

 

 

 

 

 

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 30-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բեմն իրենց անզուգական կատարումներով ողողեցին նոյն միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի պարի եւ ասմունքի խմբերը:

Պարախմբի երեք հատւածները՝ կրտսերները, պատանիներն ու երիտասարդները ղեկավարութեամբ պարուսոյց Քաթրին Թորոսեանի, եւ ասմունքի բաժանմունքը՝ ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր-Մարտիրոսեանի, իրենց միամեայ փորձերի արդիւնքը հանդիսատեսների դատին յանձնեցին եւ արժանացան նրանց բուռն ծափողջոյններին ու գովեստի արտայայտութիւններին:

Տարեկան այս ելոյթին ներկայ էին՝ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, կազմակերպիչ միութեան Կենտ. վարչութեան եւ միաւորների անդամները, դերակատարների հարազատներն ու ժողովուրդ:

Երեկոն վարեց Մշակութային միաւորի անդամ Վանանդ Իսաղուլեանը, ով իր բացման խօսքում ընդգծելով «Կռունկ» համոյթի պարի եւ ասմունքի խմբերի տարիների համագործակցութեան փաստը, աւելացրեց, թէ՝ «Կռունկը» մշակութային շարժում է, որտեղ միաւորւում են արւեստի տարբեր ճիւղերը՝ յանուն ազգային ինքնութեան պահպանման:

Երեկոյի ընթացքում խմբական եւ անհատական կատարումներով բեմականացւեցին հետեւեալ խորագրով պարերը՝ «Կռունկ», «Կտոր մի երկինք», «Արեւի երկիր», «Կարմիր մրրիկ» (իսպանական պար), «Տիկնիկների աշխարհում», «Դիմակահանդէս» (վալս), «Ճերմակ երազանք», «Թաքնւած հմայք», «Մախմուր աղջիկ», «Ծաղիկներ», «Հայրենիք», «70-ականների շունչ», «Բարբի», «Մուլտֆիլմերի աշխարհում», «Կատակ պար», «Ռուսական պար», «Սասունցիների պարը» եւ «Քոչարի»:

 

 

Ուշագրաւ էին յատկապէս պարերի իւրովի ներկայացումն ու կատարողների բարձր պատրաստւածութիւնը, որը աւելիով արտացոլւեց էկրանի վրայ ցուցադրւող նախապատրաստական աշխատանքներից եւ կատարւած փորձերից պատրաստւած տեսանիւթով։ Յատկանշական է, որ «Հայրենիք» պարի աւարտին բեմում ծածանւեցին Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների դրօշներն ու խորհրդանշերը, ինչը մեծ ոգեւորութիւն առաջացրեց հանդիսատեսի մօտ։

Ընթացքում երգի կատարմամբ հանդէս եկաւ Վանանդ Իսաղուլեանը, «Աշուղի երազը», «Ախթամար» եւ «Բոսֆորի ափին» համարները հերթաբար ասմունքեցին՝ Ալինա Տէր-Սուքիասեանը, Էմիլի Նաւասարդեանն ու Արթուր Քամարզարեանը. Յովհաննէս Թումանեանի «Շունն ու կատուն» ներկայացրեց Լալագէ Իսաղուլեանը, իսկ «Սուտլիկ որսկանը» հեքիաթը պատմեց Քաջայր Գալստանեանը: Նշւած այս կատարումները գեղեցկօրէն համադրւած էին պարային կատարումների եւ խելացի բանականութեամբ պատրաստւած տեսանիւթերի հետ:

Ձեռնարկի աւարտին Սրբազան Հօր եւ «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Սարօ Պօղոսեանի միջոցով, Մշակութային միաւորի պատրաստած գնահատագրերը յանձնւեցին խմբերի ղեկավարներին եւ բոլոր այն անհատներին, ովքեր անվերապահ համագործակցութիւն էին ցուցաբերել կազմակերպիչների հետ:

 

Թղթակից (Նոր Ջուղա)  

 

 

 

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 29-ին,  Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան նախաձեռնութեամբ,《Ս. Յովհաննու Կարապետ》 եկեղեցու բակում կատարւել են ծառահատման աշխատանքներ։

Տարիների ընթացքում իրենց կենսունակութիւնը կորցրաց, չորացած եւ վթարային այս ծառերը, ուժեղ քամիների ժամանակ կոտրւելու եւ ընկնելու վտանգ էին ներկայացնում՝ սպառնալով եկեղեցու շէնքի եւ եկեղեցի յաճախողների անվտանգութիւնը։

Աշխատանքն իրականացւել է 5-րդ շրջանի Քաղաքապետարանի Կանաչապատման բաժնի միջոցով եւ արտօնութեամբ։

Մօտ ապագայում նախատեսւում է նոր ծառեր տնկել՝ պահպանելու տարածքի կանաչապատ տեսքն ու գեղեցկութիւնը եւ շարունակելու շրջակայ միջավայրի բարեկարգման աշխատանքը։


Նոր Ջուղայի Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

 

 

 

Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօների առթիւ, ուրբաթ՝ հոկտեմբերի 24-ին, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի կազմակերպութեամբ, Ս. Ա. Վանքի «Խաչատուր Վրդ. Կեսարացի» անւան թանգարանում, տեղի ունեցաւ Խաչատուր վրդ. Կեսարացու արւեստի մեդալի շնորհանդէսը, որը պատրաստւել է արւեստագէտ Մասիհ Ահմադիի ձեռամբ:

Ծրագրին ներկայ էին՝ գերշ. Տէր Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, Պատգ. ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներն ու անդամները, ազգային մարմինների, միութիւնների ու դպրոցների ներկայացուցիչները, պարսիկ արւեստագէնտներ եւ մշակոյթի ոլորտի գործիչներ:

Արւեստի մեդալի ստեղծման աշխատանքում արւեստագէտը վերականգնել է 17-րդ դարի ընթացքում, Իրանում եւ Միջին Արեւելքում առաջին տպագրութեան համար Ս. Ա. Վանքում օգտագործւած «Է» տառի կապարէ դրօշմակը՝ որպէս Աստծոյ խորհրդանիշ։ Մեդալի շրջագծի հատւածում փորագրւած է Խաչատուր վրդ. Կեսարացու կնիքի մի հատւած:

Շնորհանդէսի սկզբում Ս. Ա. Վանքի Մատենադարանի եւ արխիւատան բաժնի տնօրէն Թովմա Գալստանեանը հանդէս եկաւ խօսքերով, ներկայացնելով Իրանի եւ Միջին Արեւելքի առաջին տպարանի հիմնադիր, Խաչատուր վրդ. Կեսարացու կեանքի եւ գիտական ժառանգութեան կարեւորութիւնը՝ աւելացնելով, որ Կեսարացին իր մշակութային տեսլականով Նոր Ջուղան վերածել է Արեւելքի գիտական եւ մտաւոր կենտրոններից մէկի։

 

 

Այնուհետեւ մեդալի հեղինակ Մասիհ Ահմադին, ներկայացրեց մեդալի նախագծման եւ պատրաստման ընթացքը, յաւելելով, որ երկու տարի առաջ ծնունդ առած գաղափարը նպատակ ունի ստեղծելու մեդալների մի շարան` նւիրւած Նոր Ջուղայի մեծանուն հայերին։ Նրա խօսքով՝ մեդալը ոչ միայն գեղարւեստական արժէք ունի, այլեւ կրում է պատգամ՝ ընդգծելու հայերի դերը Իրանի մշակութային պատմութեան մէջ։

Միջոցառման ընթացքում ամփոփ տեսագրութեամբ ցուցադրւեց մեդալի պատրաստման գործընթացը։

Աւարտին տեղի ունեցաւ մեդալի շնորհանդէսը՝ գերշ. Տէր Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, Պատգ. ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ Նոէլ Մինասեանի ու Վաչիկ Հայրապետեանի եւ Մասիհ Ահմադիի ձեռամբ։

Սոյն մեդալից 10 օրինակ յանձնւել է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին։

Միջոցառումը վարեց Կարէն Խանլարեանը, իսկ գեղարւեստական բաժնում հանդէս եկաւ Լալա Ալեքսանդրեանը՝ ներկայացնելով հանգ դրամ երաժշտական գործիքով կատարումներ։

 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

 

 

 

 

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 20-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցու անւանակոչութեան տօնը նշւեց Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի:

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը. մասնակցում էր նաեւ թեմի եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ Արբի Բաբումեանի:

Յաւարտ Ս. Պատարագի, Ս. Յովսէփ Արիմաթացիի աջով կատարւեց ջրօրհնէքի կարգը եւ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ վանքում պաշտօնավարած հոգեւորական եւ աշխարհական ննջեցեալ սպասաւորների, նաեւ եկեղեցու բարերարների հոգիների խաղաղութեան համար:

Այնուհետեւ վանքի շրջափակում իրականացւեց գեղարւեստական յայտագրով ծրագիր, հաղորդավարութեամբ Արգին Աբնուսեանի: Նա այս բաժնի բացման խօսքում անդրադարձ ունենալով այն փաստին, որ «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցին եւ նրան շրջապատող Ս. Ամենափրկիչ վանքը դասւում են աշխարհի հոյակերտ ու հոյակառոյց շէնքերի շարքին՝ որպէս անզուգական գեղեցկութեամբ շինութիւն, աւելացրեց, թէ շէնքից բացի, այս վայրը հպարտութեան առիթ է հանդիսանում երկրին ու հայ ազգին պարգեւած դէմքերով՝ սկսած Խաչատուր վրդ. Կեսարացուց մինչեւ Յովհաննէս վարդապետը, Սիմէոն վարդ. Ջուղայեցին եւ այլ յայտնիները:

Ծրագրում, որպէս գեղարւեստական կատարումներ, նախ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբից՝ Ասպետ Մարգարեանն ու Արեգա Յարութիւնեանը, հերթաբար մենակատարեցին «Իմ լաւ, իմ լաւ» եւ «Ալվան վարդեր» երգերը, ապա Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամուհիներ՝ Սերինէ Յակոբեանն ու Բիւրեղ Տէր-Յովհաննիսեանը ասմունքեցին Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» եւ Շիրազի «Մասիսն ի վեր» բանաստեղծութիւնները եւ որպէս եզրափակիչ ելոյթ, Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախմբի մենակատարներ՝ Ալինէ Յարութիւնեանն ու Արիգա Օրոջեանը հերթաբար ներկայացրին «Սայեաթ Նովա» եւ «Սպիտակ աղաւնի» համարները, իսկ խումը կատարեց Արա Գէորգեանի «Սարդարապատ» ստեղծագործութեան հնչիւնների ներքոյ իր պարը:

Միջոցառման աւարտին, իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Սրբազան Հայրը, ով աւարտելով իր աշխատանքային ժամանակաշրջանը, աւելի քան 9 տարի Սպահանի հայոց թեմի ժողովրդի կողքին լինելով, շուտով թողնելու է այս թեմը:

Սրբազան Հայրն իր խօսքում նշելով Աւետարանում յիշատակւած երկու Յովսէփներին՝ առաջինը որպէս Աստւածահայր եւ Յիսուսին աշխարհին յանձնող, իսկ երկրորդը՝ Արիմաթացին, որպէս Յիսուսի դիակի ստացող, ընդգծեց, թէ նշւած երկու դէպքերում էլ յանձնւողը եւ ստացւողը Յիսուսն է, որը մեծագոյն գանձ է: Նա նմանութիւններ անցկացնելով մեծագոյն գանձ Յիսուսի եւ սփիւռքահայութեան մեծագոյն գանձի միջեւ, շեշտաւորեց, որ այս սփիւռքահայութեան գանձն ու արժէքները պահելու, պահպանելու, եւ իհարկէ այն յաջորդ սերունդներին փոխանցելու համար պէտք է անշուշտ սերտել պատմութիւնը:

Երեկոն աւարտւեց ընդունելութեամբ, որի ընթացքում ներկաները մօտեցան Սրբազան Հօրը եւ իրենց ջերմ խօսքերն ու մաղթանքները փոխանցեցին նրան:

Ծրագրին ներկայ էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները եւ ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

 

 

 

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 9-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի յարկի ներքոյ, նախաձեռնութեամբ նոյն մասնաճիւղի վարչութեան, նշւեցին Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօները: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Ծրագրի բացման խօսքով հանդէս եկաւ Էմմա Օրդուբէգեանը, ով Մշակոյթի տօնը գոյատեւման տօն համարելով, անդրադարձ ունեցաւ հայոց լեզւի պահպանման գործում Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելութեանը եւ ասաց, որ այսօր հայրենիքում տիրող քաղաքականութիւնը պատճառ է հանդիսացել, որ արժեզրկման եւ ոչնչացման եզրին կանգնեն մեր ազգային արժէքները, ինչը մեզ պարտադրում է միասնական ուժերով լծւել այդ երեւոյթների դէմն առնելուն: 

 

 

Այնուհետեւ բանախօսական ելոյթով հանդէս եկաւ Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը: Նա մշակոյթը ժողովրդի հոգու եւ մտքի ստեղծագործութիւնը համարելով, շեշտեց, թէ հայոց պատմութեան ընթացքում անգամներ փորձեր են կատարւել հայկական մշակոյթը աղաւաղելու եւ ոչնչացնելու համար, սակայն ազգային արժէքներին կառչած մնալով հեռու ենք մնացել ձուլման վտանգից:

Նա անդրադարձ ունենալով Ոսկէ դարում կատարւած ազգօգուտ աշխատանքներին, մասնաւորապէս նշեց մշակոյթի զանազան բնագաւառները, բացատրելով դրանց յատկութիւնները:

Բանախօսն իր խօսքի մի այլ բաժնում ընդգծելով, թէ մեր մշակոյթի գոյատեւման համար պարտական ենք նախնիներին, յորդորեց այն պահպանել որպէս մասունք եւ անխափան փոխանցել յաջորդ սերունդներին:

Շարունակութեան մէջ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան «Կռունկ» համոյթի պարի եւ ասմունքի խմբերը բեմը ողողեցին իրենց գեղարւեստական կատարումներով: Երեկոյի ասմունքողներն էին՝ Էմիլի Նաւասարդեանն ու Մենուա Մարկոսեանը:

 

 

Թղթակցութիւնը կազմւեց կազմակերպիչ մասնաճիւղի վարչութեան զեկոյցի համաձայն։

Լուսանկարները տրամադրեց կազմակերպիչը

 

 

 

 

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան, շաբաթ՝ հոկտեմբերի 11-ի երեկոյեան, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում, Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօների առիթով, պաշտօնապէս բացւած յայտարարւեց «Փոքրիկ արւեստագէտներ» խորագրով ցուցահանդէսը, որը նւիրւած էր Մարտիրոս Սարեանի
«Հայաստան» կտաւի 102-ամեակին:

Ցուցահանդէսի բացումը կատարւեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի ձեռամբ, որից յետոյ օրւայ առթիւ խօսքով եւ շնորհաւորանքի մաղթանքներով հանդէս եկաւ Մշակութային միաւորի անդամ Արսինէ Մարգարեանը: Նա միջոցառման կազմակերպման նպատակները՝ հայ ժողովրդի ինքնութեան վերյիշումն ու հայ մշակոյթի մեծարումն ու պահպանումը յայտարարելով, աւելացրեց. «Մշակութային միաւորի վարչութիւնը ելնելով իր առաքելութիւնից, այս տարի յարթակը տրամադրեց նոր սերնդին եւ կազմակերպեց երեք ուղղութիւնով ամառային դասընթացներ՝ 4-12 տարիքային խմբերի համար, նկարչութիւն՝ Մառիետ Աբէլեանի, երգարւեստ՝ Նայիրա Ալեքսանեանի եւ խեցեգործութիւն՝ Նարինէ Հայրապետեանի ուսուցմամբ, որոնց արդիւնքը ներկայացւելու է այսօր»:

 

 

 Այնուհետեւ երգարւեստի սաները, ովքեր զգեստաւորւած էին Սարեանի «Հայաստան» կտաւի դաճւածքով, հանդէս եկան «Մեր Հայրենիք սիրելի», «Ծիածան», «Զինւորիկն եմ ես փոքրիկ» եւ «Գետաշէն» երգերի կատարումներով, որոնք համեմւած էին պարային շարժումներով: Խմբին երգեհոնի նւագակցութեամբ ընկերակցում էր Նայիրա Ալեքսանեանը:

Յաջորդ բաժնում, Սրբազան Հօր եւ միութեան Կենտ. վարչութեան նախագահ Սարօ Պօղոսեանի ձեռամբ, ամառային դպրոցի բոլոր մասնակիցներին շնորհւեցին գնահատագրեր, իսկ ղեկավար կազմին՝ շնորհակալագրեր:

Այնուհետեւ ներկաներն առիթ ունեցան շրջելու ցուցահանդէսով, որտեղ աշխատանքների գեղեցկութիւնից բացի, իր շքեղութեամբ աչքի էր ընկնում ցուցահանդէսի դասաւորումն ու նկարչութիւնների ցուցադրման եղանակը, իսկ որպէս բեմայարդարում ցուցադրւած էր քարակերտ մեծադիր ԱՅ ԲԵՆ ԳԻՄ տառերը եւ «Հայաստան» կտաւը, ինչը ծառայում էր նաեւ,որպէս լուսանկարւելու կրպակ:

Վարչութիւնը նաեւ պատրաստել եւ վաճառքի էր հանել «Հայաստան» կտաւի պատկերով յուշանւէրներ եւ հայ անւանի նկարիչների յայտնի կտաւներով պատկերւած մանկական նկարչութեան գրքոյք, իսկ միաւորի «Անց ու դարձ» խումբը, համագործակցութեամբ խմբի անդամուհիներ՝ Սէրլի Նազարեանի եւ Թանիա Յովսէփեանի, իր մասնակցութիւնն էր բերել «Արագ գուշակիր ի՞նչ եմ կոչւում» անւան ներքոյ մրցութեան կազմակերպումով:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

 

Շաբաթ՝ հոկտեմբերի 11-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց Սրբոց Թարգմանչաց տօնը:

Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը: Արարողութեանը մասնակցում էր եկեղեցականաց դասը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամուհիները:

Ժողովրդից բացի, Սուրբ Պատարագին ներկայ էին՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտութիւնն ու պատասխանատուները:

 

 

 

Օրւայ քարոզախօսութեան ընթացքում քահանայ հայրը շնորհաւորելով տօնի առթիւ, անդրադարձ ունեցաւ թարգմանիչ վարդապետների կատարած անգնահատելի ծառայութիւններին, որոնք իրագործել են հայոց լեզւի, մշակոյթի եւ առհասարակ հայ ժողովրդի գոյատեւման ուղղութեամբ: Նա շեշտելով, որ մատաղ սերունդը ազգի եւ հայրենիքի յոյսն ու ապագան է, յորդորեց՝ մայրենի լեզուն սերտել, անաղարտ պահել եւ փոխանցել յաջորդ սերունդներին: 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

Զբօսաշրջութեան համաշխարհային օրւայ եւ Իրանում Զբօսաշրջութեան շաբաթւայ առթիւ, սոյն թւականի հոկտեմբերի 1-ին, Սպահանի «Չահարբաղ» հիւրանոցում, անցկացւեց «Զբօսաշրջութիւն եւ կայուն զարգացում» խորագրով համաժողով, որին մասնակցում էին Սպահանի նահանգապետ Մեհդի Ջամալինեժադը, նահանգապետարանի արարողակարգի ծառայութեան գլխաւոր տնօրէն պրն. Նիքայինը, Մշակութային ժառանգութեան գլխաւոր տնօրէն Ամիռ Քառամզադէն եւ նահանգի զբօսաշրջային ընկերութիւնների ղեկավարները։

 

Ուրախ ենք տեղեկացնելու, որ այս համաժողովի ընթացքում, «Շաբահանգ» ընկերութեան գործադիր տնօրէն՝ Ռաֆիկ Խուդավերդեանը, զբօսաշրջութեան ոլորտի զարգացումը խթանելու եւ երկրի մշակութային հարուստ ժառանգութիւնը զբօսաշրջիկներին ներկայացնելու իր ջանադիր աշխատանքի համար, Սպահան նահանգի Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գերատեսչութեան կողմից արժանացաւ գնահատագրի։

 

ՍՀԹ Հանրային Կապի գրասենեակ  

 

 

 

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան հիմնադրման 110-ամեակի առթիւ, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ յոբելեանական ձեռնարկ, որին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, թեմի ազգ. մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, յոբելեարի անդամուհիներն ու մի շարք այլ հիւրեր:

Ծրագիրն սկիզբ առաւ երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանի խօսքով, որտեղ ընդգծւած էր. «Ցեղասպանութեան տարիներին հայ կինը դարձաւ տոկունութեան ու ապրելու կամքի խորհրդանիշ։ Նա իր ձեռքով փրկեց երեխաներին, գաղթի ճանապարհին կիսեց վերջին հացը, իսկ կորուստների մէջ պահպանեց կեանքի սերմը։ Շատերը կորցրին ամէն ինչ, բայց կարողացան նորից տուն կառուցել, նոր սերունդ դաստիարակել ու պահպանել ինքնութիւնը։ Նոյն այդ տարի Նոր Ջուղայում հայ կանայք հիմնադրեցին «Հ.Յ.Դ. Կարմիր Խաչ միութիւնը»:

 Այնուհետեւ Կանանց Գթութեան միութեան վարչութեան խօսքն ընթերցեց նախագահ Լիդա Սիմոնեանը: Մի հատւածի մէջբերում այս խօսքից. «Միութիւնն իր նւիրեալ եւ ազգային ոգով տոգորւած անդամուհիների ջանադիր աշխատանքի շնորհիւ դիմագրաւեց բազմաթիւ խոչընդոտներ եւ պայքարունակ ոգով շարունակեց իր երթը՝ դէպի այսօր, որտեղ ոչ ծանր պայմանները, ոչ էլ ճգնաժամն ու քաղաքական եւ տնտեսական այլ խոչընդոտները, ոչ միայն չկարողացան ստւերի տակ առնել միութենականների աշխատանքը, այլ  նաեւ խթան հանդիսացան նրանց, որպէսզի առաւելն իրագործելով, խաղաղութիւն, անդորր եւ բարօրութիւն բերեն հայ ընտանիքներին՝ լինեն հարազատ Նոր Ջուղայում, Հայաստանում, Արցախում կամ Ջաւախքում»:

Յաջորդիւ օրւայ բանախօս Սքարլետ Հայրապետեանը հանդէս եկաւ Կանանց միութեան հիմնադրման եւ 110-ամեայ գործունէութեան շուրջ բանախօսութեամբ: Նա անդրադառնալով յոբելեարի հիմնադրմանը ասաց. «Միութիւնը հիմնադրւել է 1915-ին, Առաջին Համաշխարհային պատերազմի եւ Հայոց ցեղասպանութեան ճգնաժամային պայմաններում, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շրջանի կազմակերպութեան որոշումով: Սկզբում կոչւել է «Հ.Յ.Դ.-ի Կարմիր Խաչ» միութիւն, ապա 1928-ին վերանւանւել է «Կարմիր Խաչ», իսկ 1937 թւականից՝ «Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւն»:

Այնուհետեւ նշելով միութեան գործունէութեան գլխաւոր բաժինները, որոնցից են՝ 1915 թւականին հայ գաղթականներին օժանդակելը, որբախնամ ծրագրերին մասնակցելը, պատերազմից տուժածներին եւ վիրաւորներին խնամելը, կարիքաւոր հայ ընտանիքներին օժանդակելը, 1970 թւականին, թեմի միակ հայկական ծերանոցի հիմնադրումը, ձեռներեց կանանց սատարելու նպատակով ամենամեայ կարգով Գարնանային ցուցահանդէս-վաճառքների կազմակերպումը, ձեռարւեստի խանութի գործունէութիւնը եւ բազմաթիւ այլ աշխատանքներ, կարեւորութեամբ ընդգծեց վերջին տասը տարիների ընթացքում Արցախին եւ արցախահայութեանը սատարելու համար կազմակերպւած միութեան տասնեակ նախաձեռնութիւնները եւ ասաց. «Այսօր կորցրել ենք Արցախը եւ տարագիր է դարձել արցախահայութիւնը, սակայն չպէտք է մոռանանք, որ կատարւածը ոչ թէ յուսահատեցնող է այլ պարտաւորեցնող, որպէսզի հայ ժողովուրդը՝ լինի սփիւռքում թէ հայրենիքում, անկախ իր երկրի ղեկավարութեան կամքից ու քաղաքականութիւնից, պէտք է ոտքի կանգնի մայրենի հողի այս թանկագին բեկորը վերադաձնելու համար: Դժւար է, բայց ոչ անհնարին»: 

Երեկոյի շարունակութեան մէջ ընթերցւեցին ստացւած ուղերձներից հատւածներ. այս առիթով ուղերձներ էին ստացւել՝ շրջանի Հայ Դատի յանձնախմբից, Իրանի Իսլ. խորհրդարանում

Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանից, թեմի Պատգամաւորական ժողովի դիւանից եւ Թեմական ու Կրօնական խորհուրդներից, «Ալիք» օրաթերթի խմբագրից, Շահինշահրի Հայ Համայնքի վարչութիւնից, Շահինշահրի Հայ Դատի գրասենեակից, Նոր Ջուղայի հայոց ազգ.  Մանկապարտէզի, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցներից, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնից, Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնից, Հայ Ուսումնասիրաց «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղից, Փերիոյ Կրթասիրաց միութեան Կենտ.  վարչութիւնից, «ՀՕՄ»-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնից, Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւնից, Թեհրանի Հայ Կին միութիւնից, Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութիւնից, Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութեան վարչութիւնից, Թաթուլ Օհանեանից, միութեան անդամուհիներ՝ Արմինէ Սիմոնեանից (Հայաստան) եւ Արաքս Ղուկասեանից (ԱՄՆ):

Ձեռնարկի գեղարւեստական բաժնում երգերի կատարմամբ հանդէս եկան երիտասարդ կատարողներ՝ Վահան Վարդեւանը, Նազելի Փանոսեանն ու Հարմա Կարապետեանը՝ ընկերակցութեամբ «Անի» նւագախմբի, որին անդամակցում էին՝ Արին Խաչիկեանը, Րաֆֆի Խուդաբախշեանը, Ասպետ Սիմոնեանը եւ Էրւին Յովսէփեանը:

Նշելի է, որ ընթացքում ցուցադրւեցին յոբելեարի տարիների գործունէութեան լուսանկարներից շարան եւ ծերանոցի բնակիչներից տեսանիւթ, որտեղ նրանցից իւրաքանչիւրն արտայայտւում էր իր սրտի խօսքով:

Աւարտին միութեան վարչութեան անունից, Լիդա Սիմոնեանի եւ Կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Մառիթա Յակոբեանի միջոցով, գնահատագրեր շնորհւեցին այս ծրագրի կազմակերպման գործում դերակատար անձանց, ապա տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որտեղ հատւեց 110-ամեակի առիթով պատրաստւած տորթը՝ Սրբազան Հօր, Լիդա Սիմոնեանի եւ միութեան վաստակաշատ անդամուհիներ՝ Երան Խուդավերդեանի ու Նւարդ Շահնազարեանի միջոցով:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

 Լուսանկարիչ` թղթակից եւ Գեւիկ ստիւդիօ

 

Ուրբաթ եւ շաբաթ՝ սեպտեմբերի 26 եւ 27-ին, Ս. Գէորգ Զօրավարի տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, մասնակցութեամբ եկեղեցական դասի եւ ներկայութեամբ հոծ թւով հաւատացեալների, երկօրեայ արարողութիւններ կատարւեցին Նոր Ջուղայի համանուն եկեղեցում, ուր նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Ուրբաթօրեայ արարողութիւնների շարանում, առաւօտեան կատարւեց աղօրհնէքի կարգ, իսկ երեկոյեան՝ հսկման արարողութիւն:

Շաբաթ առաւօտեան, ձեռամբ Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Զարգարեանի, մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Պատարագիչ հայրն օրւայ իր քարոզում անդրադարձ կատարեց Ս. Գէորգի կեանքին ու գործունէութեանը, յատկապէս ընդգծեց հաւատի ճանապարհին նրա սխրագործութեանն ու անձնազոհութեանը։ Նա իր խօսքի աւարտին յորդորեց, որ անսալով Վեհափառ Հայրապետի կոչին, կառչած մնալ ազգային արմատներին, արժէքներին եւ  աւանդոյթներին:

Տօնի աւարտին, եկեղեցու բակում համախմբւած հաւատացեալների ներկայութեամբ, թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ օրհնւեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ներկաների միջեւ: Սրբազան Հայրն այստեղ հանդէս եկաւ տօնի առթիւ շնորհաւորանքի արտայայտութիւններով եւ շնորհակալական խօսքով ուղղւած՝ արարողութեան կազմակերպիչներին, մատաղի պատրաստման գործում բոլոր դերակատարներին եւ նւիրատու անհատներին:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 24-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղի ունեցաւ ուղղաթիռի վետերան օդաչու գնդապետ Արտեմ Մելիքեանի յուշերի գրքի շնորհանդէսը, որին ներկայ էին՝ Սպահանի նահանգապետ դոկտ. Մահդի Ջամալինեժադը, Սպահան, Եազդ եւ Չհարմահալ-Բախթիարի շրջանների «Աջա»-ի աւագ զինւորական, բրիգադի գեներալ Մոհսեն Քարամին, Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսչութեան տնօրէն Մասուդ Նիքբախթը, Սպահանի բանակի հետազօտութեան պաշտպանութեան պետ դոկտ. Շամախին, «Սայադ Շիրազի» պատերազմական կոմիտէի նախագահ գեներալ Սալառին, Սպահան քաղաքի Ոստիկանութեան հրամանատար գնդապետ Ահմադ Նիքբախթը, Հաւանիրուզի Աւիաընկերութեան «Վաթան Փուռ» կենտրոնի հրամանատար գնդապետ Նուռին, Սպահան քաղաքի գաւառապետ Մոհամմադալի Ահմադին, Քաղխորհրդի նախագահ պրն. Նուռսալեհին, Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան գերատեսուչ պրն. Սէյեդինիան, Սպահանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան գերատեսուչ պրն. Քառամզադեն, եւ գնդապետ Մելիքեանի զինակից, վետերան գնդապետ Քալանթարին: 

Ծրագրին Սպահանի հայոց թեմից ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, գնդապետ Մելիքեանն ու իր կինը, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հարազատները եւ երկրի զինւած ուժերում ծառայող հայ զինւորները:

Երեկոն սկիզբ առաւ դրօշակի արարողութեամբ, որը կատարւեց Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Սկուտական միաւորի դրօշակակիր խմբի միջոցով, ապա հնչեց Իրանի Իսլամական Հանրապետութեան օրհներգը. ներկաները արարողութեանը հետեւեցին յոտնկայս, իսկ հայ զինւորները պատւի առնելով, մատուցեցին իրենց յարգանքի տուրքը:

Զարեհ Ղարախանեանը հանդիսավարեց ծրագիրը. նա որպէս բացման խօսք Պատգամաւորական ժողովի անունից ողջունելով ներկաներին եւ շնորհաւորանքի խօսք ուղղելով Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ՝ անդրադարձ ունեցաւ պատերազմի տարիներին իրանահայութեան դերակատարութեանը եւ ասաց, որ մարտի դաշտում իրանահայ զաւակների սխրագործութիւնները կարելի է վերագրել քրիստոնէութեան հաւատի հիմքում տեղ գտած՝ նահատակութեան, զոհաբերութեան եւ անձնուրացութեան մշակոյթին: Նա շարունակեց, թէ իրանական ազգի համակեցութիւնը ձեռք չի բերւել գրքերից եւ համաժողովներից, այլ այն ստեղծւել ու արմատաւորւել է ռազմաճակատների խրամատներում, գործողութիւնների դժւարին պահերին եւ Սրբազան պաշտպանութեան դաշտերում:

Շարունակութեան մէջ խօսքերով հանդէս եկան «Վաթան Փուռ» կենտրոնի հրամանատար գնդապետ Նուռին, նահանգապետ Մահդի Ջամալինեժադը, Արտեմ Մելիքեանի զինակից՝ գնդապետ Քալանթարին ու պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը:

Գնդապետ Նուռին գնահատելով պատերազմի ութ տարիների ընթացքում Իրանում միաստւածութեան կրօններին դաւանող ժողովուրդների կողմից դրսեւորւած համախմբւածութիւնն ու  համակեցութիւնը, անդրադարձաւ գնդապետ Մելիքեանի գործունէութեանն ու աւելացրեց, որ նա ոչ միայն աւելի քան 3000 ժամ թռիչք է արձանագրել իր աշխատանքային անցեալում, այլ նաեւ յետ պատերազմական ժամանակաշրջանում՝ որպէս հմուտ ուսուցիչ, կրտսեր օդաչուներին ուսուցանել է անհրաժեշտ հիմունքները: Գնդապետ Նուռին նաեւ տեղեկացնելով, թէ ամիսներ առաջ՝ իսրաէյլական յարձակումների ժամանակ, Արտեմ Մելիքեանն իր պատրաստակամութիւնն է յայտնել ռազմական ուղղաթիռներն անվտանգ վայր տեղափոխելու համար, ընդգծեց, որ նա չափազանց հայրենասէր անձնաւորութիւն է:

Պրն. նահանգապետն իր խօսքը համեմեց պարտադրեալ պատերազմի մի շարք նահատակների ու անձնուրացների, այդ թւում նաեւ հայերի յուշերով, ապա գովեստի խօսք ուղղելով օրւայ հերոսին, շնորհակալութիւն յայտնեց նրան, առ այն, որ անձնազոհ եւ անխոնջ կեցւածքով լծւել է  Իրանի մայր հողի պաշտպանութեան գործին: Նա վստահութիւն յայտնեց, որ Իրանի ժողովուրդը անգամ իր արեան գնով պահելու եւ պահպանելու է իր երկիրն ու մարդկային բարձր արժէքները:

Գնդապետ Քալանթարին, ով 30 տարի եղել է Արտեմ Մելիքեանի զինակիցը, նշելով իր զինակցի յատկութիւնները, յատկապէս շեշտեց, թէ նա տիպար օրինակ է միասնականութեան եւ անձնազոհութեան: Նա աւելացնելով, որ գնդապետը մասնակից է եղել բազմաթիւ կարեւոր եւ ռազմական գործողութիւնների, առողջութիւն ցանկացաւ նրան եւ ընտանիքին, իսկ հոգու խաղաղութիւն՝ բոլոր նահատակներին:

Դոկտ. Գեղարդ Մանսուրեանն ընդգծելով իրանահայերի դերակատարութիւնը, թէ ինչպէս  պատմութեան ընթացքում, առանցքային իրադարձութիւնների ժամանակ, լինելով իրենց մուսուլման եղբայրների կողքին, ջանք չեն խնայել երկրի պաշտպանութեան ուղղութեամբ,  շեշտեց, որ իրանահայերը անբաժանելի մասն են Իրանի՝ ի մասնաւորի Սպահանի հասարակութեան: Նա դրւատանքի խօսք ուղղելով գնդապետ Արտեմին՝ աւելացրեց, թէ նա պատերազմի ամբողջ ընթացքում եւ իհարկէ դրանից յետոյ, որպէս յանձնառու, հայրենասէր եւ պատասխանատու զինւորական, չի զլացել երկրի համար լաւագոյնը կատարելու գործում:

Շնորհանդէսի բաժնի համար հրաւիրւեցին նահանգապետը, Սրբազան Հայրը,  Գեղարդ Մանսուրեանը, Գնդապետ Նուռին, բրիգադի գեներալ Մոհսեն Քարամին, գնդապետ Նուռին, Նոէլ Մինասեանն ու Արտեմ Մելիքեանը, ովքեր բարձրացնելով գրքի խորհրդանշական շապիկը ծածկող վարագոյրը, ներկաներին ցուցադրեցին այս աշխատութիւնը:

Նշելի է, որ գնդապետ Արտեմ Մելիքեանի հեղինակած այս գիրքը բաղկացած է 103 էջից եւ անդրադառնում է գնդապետի կեանքին՝ ծննդեան օրւանից (իրանական 1326) մինչեւ իր աշխատանքային վերջին օրը (իրանական 1378): Գրքում տեղ են գտել լուսանկարներ՝ Արտեմ Մելիքեանի կեանքի զանազան դրւագներից եւ իր սխրագործութիւնների դիմաց ստացած գնահատագրերից ու շքանշաններից:

Վերջում թեմի Պատգամաւորական ժողովի, նահանգապետի ու Հաւանիրուզի Աւիաընկերութեան հրամանատարի կողմից յուշանւէրներ յանձնւեցին գնդապետ Արտեմին եւ իր տիկնոջը, ինչպէս նաեւ պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հարազատներին ու անձնուրաց Սուրէն Յակոբեանին:

Ծրագիրը համեմւած էր գեղարւեստական երկու կատարումներով՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի դաշնամուրի եւ Մասիս Մարգարեանի շեփորի նւագակցութեամբ հնչեց «Էյ Իրան» երաժշտութիւնը, իսկ Կարէն Խանլարեանը հանդէս եկաւ ասմունքով:

Ընթացքում ցուցադրւեցին երկու տեսանիւթեր. առաջինը՝ որտեղ արտացոլւել էր թեմի ազգային մարմինների եւ հայ համայնքների դերակատարութիւնը Իրան-Իրաք պատերազմում, պատրաստւել էր վանքի արխիւատանը պահպանւող լուսանկարներից եւ ցուցադրւում էր առաջին անգամւայ համար, իսկ երկրորդը՝ գնդապետ Մելիքեանի յուշերից մի հատւած էր, որը քաղւել էր երկրի հեռուստաընկերութեան վաւերագրական մի ֆիլմից:

Աւելացնենք նաեւ, որ ծրագրին զուգահեռ վանքի արխիւատան նկարներից կազմակերպւել էր լուսնակարների ցուցահանդէս՝ պատերազմի ժամանակաշրջանի թեմայով:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 25-ի երեկոյեան, ժողովրդական հաւաք-տօնախմբութեամբ նշւեց Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան հիմնադրման 70-ամեակը: Միջոցառումը տեղի ունեցաւ «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ, 70-ամեակի յոբելեանական յանձնախմբի կազմակերպութեամբ եւ միաւորների համագործակցութեամբ:

Երեկոյին ներկայ էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, շրջանի հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան ժամանակի նախագահները, ներկայիս Կենտ. վարչութեան անդամները, միաւորների եւ Շահինշահրի մասնաճիւղի վարչութիւններն ու պատասխանատուները եւ ժողովուրդ:

Ծրագիրը, որն իրականացւեց յոբելեար միութեան շրջափակում, սկիզբ առաւ Կենտ. վարչութեան անդամ Մանիա Ղուկասեանի հանդիսավարութեամբ եւ բացման խօսքով, որտեղ նշւած էր. «Այսօր մենք բոլորով այստեղ ենք միասին նշելու Նոր Ջուղայի Հայ Մարզա-Մշակութային «Արարատ» միութեան հիմնադրման 70-ամեակը։ Յոբելեան, որ ոչ միայն մեր միութեան, այլեւ ողջ համայնքի համար խորհրդանշում է յարատեւ նւիրումը Նոր Ջուղային, հայրենասիրութեան, ազգային մշակոյթի պահպանման եւ սերունդների կապի ամրապնդման գործին …Եօթանասուն տարիների պատմութիւնը մէկ օղակ է այն շղթայի մէջ, որ կապում է մեզ մեր նախնիներին։ Այսօր, առաւել եւս զգում ենք, որ «Արարատ»-ը ոչ միայն միութիւն է, այլեւ մեր բոլորիս տունը, մեր ազգային ուժի խորհրդանիշը»։

Այնուհետեւ Կենտ. վարչութեան խօսքն ընթերցեց կազմի նախագահ Սարօ Պօղոսեանը, ով ընդգծելով, որ «Արարատ» միութիւնը ծնունդ է առել որպէս պատասխան մեր ժողովրդի կարիքների՝ նոր սերունդ դաստիարակելու եւ ազգային ինքնութիւնն ու մշակոյթը պահելու ու զօրացնելու համար, շեշտեց. «Յոբելեանական այս առիթը միայն անցեալին նայելու առիթ չէ, այն հրաւէր է միասին դէպի ապագայ հայեացք նետելու: Թող յաջորդ ամեակները իրենց հետ բերեն առաւել մեծ բարգաւաճում, նոր սերնդի առաւել չափով ներգրաւում եւ անսասան կապ մեր ազգային արմատներին»:

Շարունակութեան մէջ բոլորին ցուցադրւեց 70-ամեայ երթի համար պատրաստւած գերբը, որի գծագրողներն էին՝ Նայիրի Այւազեանն ու Վանանդ Իսաղուլեանը: Այն խորհրդանշում է միութեան եւ ամբողջ Նոր Ջուղայի հայութեան միասնականութեան, տոկունութեան եւ յաւերժութեան ոգին եւ իմաստաւորւում է միութեան Շահինշահրի մասնաճիւղի եւ բոլոր միաւորների խորհրդանիշ համարւող հատւածների միացումից: Գերբի ցուցադրման պահին տեղի ունեցաւ հրավառութիւն:

îեղի ունեցան գեղարւեստական կատարումներ. սկզբում Լալագէ Իսաղուլեանն ու Վանանդ Իսաղուլեանը զուգերգեցին «Արարատ իմ տուն»-ը, իսկ յաջորդիւ միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախմբի անդամները հանդէս եկան պարային կատարումով: Ընթացքում ցուցադրւեց միաւորների աշխատանքներն յաւերժացնող հին ււ նոր լուսանկարներից տեսանիւթ:

Այնուհետեւ տօնախմբութիւնը շարունակւեց զւարճալի եւ հետաքրքիր խաղերով ու համեղ ուտելիքների մատուցմամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

 

Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան հիմնադրման 70-ամեակին նւիրւած ծրագրերի շարանում, երեքշաբթի եւ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 23 եւ 24-ի երեկոյեան, յոբելեար միութեան Մշակութային միաւորի «Լեւոն Շանթ» թատերախումբը բեմականացրեց ֆրանսացի դրամատուրգ Մուլիեռի «Ակամայ բժիշկ» կատակերգութիւնը՝ Հաբիբ Նարիմանիի բեմադրութեամբ:

Երեքշաբթի օրւայ սեանսին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները:

Նախքան արարի մեկնարկը Մշակութային միաւորի անդամ Արսինէ Մարգարեանը հանդէս եեկաւ բացման խօսքով, ուր ասւած էր.«Յետադարձ հայեացք գցելով Նոր Ջուղայի թատրոնի փառահեղ անցեալին, կանգնում ենք այն փաստի առջեւ, որ ժամանակին ջուղայեցիների կեանքը ինչ որ կերպ հիւսւած է եղել թատրոնի հետ… «Լևոն Շանթ» թատերախումբը վերջին անգամ ներկայացում է ունեցել 2017 թւականին, ուր Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրամի 130-ամեակի առթիւ փայլուն ելոյթով ներկայացրել է «Բեբեկս» կատակերգութիւնը: Երկար դադարը խորթ էր Մշակութային միաւորի համար, այդու այս տարիների ընթացքում, չհաշւած քովիդի տարիները, միշտ աչալուրջ հետամուտ է եղել թատերախմբի աշխատանքը վերսկսելու եւ ակտիւացնելու գործին»։

Սցենարում մարմնաւորւած էր մի ծոյլ եւ հարբեցող տղամարդ՝ Ասկանազ անունով, ով շարունակ ընտանեկան անհամաձայնութեան մէջ էր իր տիկնոջ հետ: Վերջապէս համբերութիւնը կորցրած կինը, որոշում է իր անյաջող ամուսնուն պատժել եւ մի անգամ հանդիպելով երկու անցորդի, ովքեր բժիշկ էին փնռում գիւղապետի հիւանդ դստերը բուժելու համար, խաբում եւ ասում է, թէ Ասկանազը հմուտ եւ անկրկնելի բժիշկ է: Այնուհետեւ Ասկանազը որպէս բժիշկ տեղափոխւում է գիւղապետի տուն եւ իրադարձութիւնները զարգանում են այնպէս, որ նա իր խորամանկութեան եւ սրամտութեան շնորհիւ եւ իհարկէ զաւեշտալի իրադարձութիւնների արդիւնքում, ոչ միայն յաջողում է բուժել աղջկան, այլ նաեւ՝ նրան ամուսնացնել իր սիրած տղամարդու հետ:

Թատրոնի դերակատարներն ու կերպարներն էին՝ Ժոզեֆ Գրիգորեանը (Ասկանազ), Զարենուշ Աղուրեանը (Ժաքլին), Հրաչ Տէր-Յովհաննիսեանը (ռեժիսոր), Հայդուկ Վարդեւանը (Վալոդ), Մարինէ Հայրապետեանը (Սոնիա), Կարօ Յովսէփեանը (Կարօ), Լինա Մանուկեանը (Մարգարիտ), Անահիտ Իսմայիլեանը (Անահիտ), Արթուր Բաղրամեանն (Մարտիկ) ու Թանիա Յովսէփեանը (Լուսինէ):

Յատկանշական է, որ թատրոնի բեմականացման խմբին օժանդակել էին՝ ռեժիսորի օգնական Սաղի Մոհամմադ Ռեզային, սցենարի թարգմանիչ՝ Արփինէ Դանիէլեանը, սցենարի վրեահսկիչ եւ յուշարար Այիդա Եղիկեանը, 2-րդ յուշարար Վիոլետ Աւանէսեանը, բեմահարդարիչ՝ Հրաչ Տէր-Յովհաննիսեանը, դերձակ Վիոլետ Թորոսեանը եւ երաժշտութեան կատարողներ՝ Ասպետ Սիմոնեանն ու Արին Խաչիկեանը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 8:00-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցներում ղօղանջեց դպրոցական առաջին զանգը, որով մեկնարկեց 2025-2026 ուսումնական տարեշրջանը:

Դպրոցի բակում համախմբւել էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, զոյգ դպրոցների անձնակազմերը, սաներն ու ծնողները:

Սկզբում ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ «Արմէն» տարրական դպրոցի տնօրէն Սքարլետ Հայրապետեանը, ով շնորհաւորելով առիթի կապակցութեամբ, կարեւորեց գիտութեան աշխարհի նորութիւններին համընթաց քայլելու համար անհրաժեշտ հնարաւորութիւնների ստեղծումը եւ ասաց, որ հայոց ազգ. դպրոցների պատասխանատուները ջանք չենք խնայելու՝ գիտութեան  աշխարհի դռները սաների առջեւ բացելու գործում, սակայն, աշակերտները եւս իրենց հերթին պէտք է լինեն աննահանջ,  պայքարունակ, չկոտրւող ու ջանասէր:

Այնուհետեւ օրւայ առթիւ ելոյթ ունեցան «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրէն Անահիտ Սարհադեանն ու թեմի Կրթական խորհրդի փոխ-ատենապետ Սաթօ Աւետումեանը:

Տկն. Սարհադեանն առանձնաբար շնորհաւորանքի խօսք ուղղելով դպրոցականներին ու անձնակազմին, նշեց, թէ դպրոցը այն կարեւոր կենտրոնն է, որտեղ աշակերտը դառնում է առաւել խելացի ու գիտակից եւ ի մասնաւորի յանձնառու ու պատասխանատու թէ՛ որպէս անհատ եւ թէ՛ որպէս համայնքի ու ազգի մի մասնիկ: Նա Վերջում սաներին մաղթեց բուռն յաջողութիւններ՝ կեանքի բոլոր ասպարէզներում:

Տկն. Աւետումեանը ընդգծեց. «Այս ուսումնական տարեշրջանին դարձեալ բոլորս՝ սկսած աշակերտներից մինչեւ ուսուցչական ու պատասխանատու կազմերը, համագործակցութեամբ մեր սրտցաւ ծնողների, պէտք է զինւենք՝ կամքի ուժով, կարգապահութեամբ, հետեւողականութեամբ, համբերութեամբ, ընկերասիրութեամբ, ճկունութեամբ, յարգանքով եւ համագործակցութեամբ, որպէսզի միասնաբար հասնենք մէկ վեհ նպատակի՝ ունենալու որակեալ եւ յաջողակ դպրոց, որտեղ սովորում է մտաւոր ու ֆիզիկապէս առողջ հայ աշակերտը»:

Շարունակութեան մէջ ներկաներին իր խօսքն ուղղեց դոկտ. Մանսուրեանը, ով անդրադառնալով ամիսներ առաջ երկրում տիրող պատերազմական վիճակին, այն որակեց գիտութեան ու տեխնոլոգիայի պատերազմ եւ ընդգծեց, որ արագ զարգացող այս աշխարհում առաջադիմութիւն արձանագրելու համար անհրաժեշտ են թէ՛ գիտութիւն ու կրթութիւն եւ թէ՛ ֆիզիքական ուժ, որոնց երկուսի զարգացման առաջին քայլերը կարելի է վերցնել հէնց դպրոցներում: Նա յորդորեց լինել պիտանի անհատներ նախ սեփական ընտանիքի, ապա ժողովրդի համար:

Բացման հանդիսութեան ծրագիրն աւարտւեց Սրբազան Հօր հայրական պատգամով, որտեղ նա մատաղ սերնդին գիտակից սերունդ անւանելով, աւելացրեց, որ ազգային մարմինների հովանաւորութիւնը վայելող Նոր Ջուղայի դպրոցները լաւագոյն հնարաւորութիւնն են ընձեռում աշակերտներին՝ կրթւելու եւ դաստիարակւելու համար: Նա կոչ արեց ոչ միայն պահել ու պահպանել ստացածը, այլ նաեւ բարելաւել ու բարգավաճել այն՝ ապագայ սերունդներին փոխանցելու համար:

Վերջում Սրբազան Հօր գլխաւորութեամբ արտասանւած միասնական աղօթքով, ապա առաջին զանգի ղօղանջով, աշակերտները շտապեցին դասարան:

Գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը խորհրդարանի պատգամաւորի եւ ազգային մարմինների պատւիրակութեան ընկերակցութեամբ այցելեց երկու դասարաններ՝ տարրական եւ միջնակարգ բաժիններից, որտեղ օրւան պատշաճ մաղթանքներ փոխանցւեցին սաներին:

Պատւիրակութիւնը ներկայ գտնւեց նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանում, ուր սաների եւ նրանց ծնողների ներկայութեամբ նախ արտայայտւեց տնօրէնուհի Արփինէ Յովսէփեանը, ապա Սրբազան Հայրը:

Տկն. Յովսէփեանը ներկայացրեց անձնակազմին, մանկական պայծառ ու խանդավառ աշխարհ մաղթեց փոքրիկներին եւ հանդէս եկաւ օրւայ առթիւ շնորհաւորանքի խօսքով,  իսկ Սրբազան Հայրը փոքրիկների հետ շփւելով՝ նրանց փոխանցեց յաջողութեան մաղթանքներ եւ իհարկէ անհոգ մանկութիւն:

Աւանդոյթի համաձայն այստեղ նոյնպէս ծրագիրն աւարտւեց աղօթքով, առաջին զանգով:

 

Թղթակից (Նոր Ջուղա)