Աղբիւր՝ www.yerkir.am

2016 թւականի դեկտեմբերին Հալէպի ազատագրումը անկիւնադարձային եղաւ սիրիահայերի համար. ներկայումս Հալէպը շատ աւելի կայուն վիճակում է գտնւում: Կային կենցաղային դժւար պայմաններ, որոնք այսօր արդէն տարբեր միջոցներով յաղթահարւել են, ճանապարհներն օրըստօրէ բացւում են, լուծւել է ջրամատակարարման ու վառելանիւթի խնդիրը, քիչ տատանումներով վերականգնւել է էլեկրտականութիւնը»,–«Հայերն այսօր»-ի հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, Բերիոյ Հայոց թեմի մամուլի խօսնակ Ժիրայր Ռէյիսեանը՝ յաւելելով, որ սիրիահայերը բնականոն հունով են ապրում, զբաղւած են իրենց առօրեայ աշխատանքներով և տները վերանորոգելով:

Նա նշեց նաև, որ ազգային հաստատութիւնները, եկեղեցիները, ակումբներն ու դպրոցներն ամենածանր օրերին անգամ չեն դադարեցրել ազգապահպան գործունէութիւնը: Զգալի վնասներ կրած «Կարեն Եփփէ» ազգային ճեմարանի երկու շէնքերից մէկն է այս տարեշրջանում վերանորոգւել, յաջորդիւ շինարարական աշխատանքներ են կատարւելու Հալէպի հայ ազգային պատսպարանի, Սիրիայի ազգային օգնութեան «Կարմիր Խաչի» հիւանդանոցի և մի շարք ազգային կառոյցների վերականգման ուղղութեամբ:

«Կարծում եմ՝ մօտ ժամանակահատւածում որոշակի անվտանգութեան հարցեր կարգաւորելուց յետոյ իր աշխատանքները կսկսի նաև Սիրիայի օդանավակայանը. Սիրիայի կառավարութիւնը լուրջ աշխատանքներ է տանում այդ առումով: Որոշ շրջաններում դեռ կան զինեալ ահաբեկչական խմբեր և բնականոն թռիչքների պարագայում հնարաւոր է հրթիռակոծութիւններ լինեն, հետևաբար, անվտանգութեան նկատառումներից ելնելով, կառավարութիւնը դանդաղում է պաշտօնապէս օդանավակայանը վերագործարկել»,-ասաց Ժիրայր Ռէյիսեանը:

Իր խօսքում սիրիահայ պատգամաւորը նաև ընդգծեց, որ Քեսապի ու Լաթաքիայի հայերն էլ ապրում են սովորական ռիթմով: Այն մարդիկ, ովքեր Հալէպից տեղափոխւել էին Լաթաքիա կամ Քեսապ, այսօր վերադառնում են իրենց տները, Դամասկոսը նոյնպէս կարելի է ազատագրեալ տարածք համարել:

«Ճիշտ է, ազատագրւեց նաև Տէր Զօրը, բայց այնտեղ հայ բնակիչ գրեթէ չմնաց, սակայն ունենք խոնարհւած Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի՝ մարտ ամսին ազգային իշխանութեան ներկայացուցիչների հետ Տէր Զօր կատարած այցելութիւնից յետոյ եկեղեցին և յուշահամալիրը վերանորոգելու որոշում է կայացւել»,-զրոյցն ամփոփեց Ժիրայր Ռէյիսեանը: