Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Միացեալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը քոնգրեսական Էդըմ Շիֆին եւ ծերակուտական Էդ Մարքիին տեղեկացրեց, որ Սպիտակ տունը հայ որբերի հիւսած գորգը տրամադրելու է մի հանրային ցուցադրութեան համար, որ նախատեսւել է կազմակերպել այս տարւայ աշնանը:

Վաշինկթոնի Հայ դատի գրասենեակը հաղորդում է, որ Սպիտակ տան յայտարարութիւնը ողջունել են թէ՛ Շիֆը եւ թէ՛ Մարքին, որոնք քոնգրեսական մի խումբ գործընկերների հետ միասին յղել էին գորգը տրամադրելու խնդրագիրը, երբ Սպիտակ տունը մերժել էր նրա ցուցադրութիւնն արտօնել 2013-ի դեկտեմբերին Սմիթսընեան հիմնարկի մէջ ծրագրւած ձեռնարկի ընթացքում:

Վաշինկթոնի Հայ դատի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանն իր կարգին ողջունեց քոնգրեսականների ջանքերը եւ ընդգծեց, որ այժմ պէտք է աչալուրջ լինել՝ ապահովելու գորգի ցուցադրութեան իրապէս տեղի ունենալը:

Այս գորգը հիւսւել է ցեղասպանութեան պատճառով որբացած հայ երեխաների կողմից` Լիբանանի Ղազիր մանկատան մէջ: Ցեղասպանութիւնից փրկւած մանուկներին օժանդակում էր Մերձաւոր արեւելքում ամերիկեան օգնութեան կոմիտէն, եւ իբրեւ երախտագիտութիւն` 1925 թւականին հայ որբերն իրենց գործած գորգը նւիրել են Միացեալ նահանգների նախագահ Քելւին Քուլիջին: