Աղբիւր՝ www.armenianchurch.org

 

Ապրիլի 24-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Ա.Մ.Ն. Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխաւորած Ա.Մ.Ն. կոնգրեսականների պատւիրակութեանը` ուղեկցութեամբ Հ.Հ.-ում Ա.Մ.Ն. արտակարգ եւ լիազօր դեսպան Ջոն Հեֆերնի: Պատւիրակութեան կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դէյւիդ Սիսիլինին եւ Լոյս Ֆրենկլը:

Ամենայն հայոց հայրապետն ընդգծեց, որ հայ ժողովրդի համար նւիրական այս օրով կոնգրեսականների այցը Հայաստան մեծագոյն մխիթարութիւն է պարգեւում աշխարհասփիւռ հայութեանը: Նորին Սրբութիւնն իր գնահատանքը բերեց ներկաներին եւ ի դեմս նրանց այն բոլոր կոնգրեսականներին, ովքեր ջանքեր են գործադրում` միտւած Հայոց հարցի լուծմանը, Թուրքիայում քրիստոնէական փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեանը, ինչպէս նաեւ Արցախի ժողովրդի խաղաղ կեանքի ապահովմանը:

Վեհափառ Հայրապետը յոյս յայտնեց, որ նման նախանձախնդիր ու նվիրեալ անձանց ջանքերով արդար լուծումներ կստանան մարդկութեան կեանքն ահաբեկող ոճիրները, եւ մարդասիրական արժէքները մշտապէս կառաջնորդեն դէպի յաղթութիւն:

Նորին Սրբութիւնը, անդրադառնալով Թուրքիայի իշխանութիւնների մերժողական քաղաքականութեանը, փաստեց, որ հայ ժողովրդի հոգում ատելութիւն չկայ, սակայն պայքարը յանուն արդարութեան պէտք է յաղթանակով պսակւի, որովհետեւ միայն Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման միջոցով հնարաւոր կը լինի ազգերի ու պետութիւնների կեանքում կանխարգելել նման ոճիրների կրկնումը:

Կոնգրեսականներն իրենց հերթին Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրեցին Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից իրականացւած աշխատանքները` միաժամանակ իրենց զէրակցութիւնը յայտնելով հայ ժողովրդին:

Հանդիպմանը ներկայ էին գերշ. Տ. Փառէն արքեպս. Աւետիքեանը եւ Մայր աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն, Արթիկի թեմի առաջնորդ գերշ. Տ. Յովակիմ եպս. Մանուկեանը: