Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Կ.Խ.Մ.Կ.-ն չի շտապում տեղեկութիւններ տրամադրել, թէ ինչ աշխատանքներ են կատարւում Ադրբեջանում գերութեան մէջ մահացած Չինարի գիւղի բնակիչ Կարէն Պետրոսեանի դին Հայաստան տեղափոխելու ուղղութեամբ եւ երբ, ի վերջոյ, դին կը տեղափոխւի Հայաստան:

«Փաստինֆօ»-ի թղթակցի հետ զրոյցում Կ.Խ.Մ.Կ.-ի Հայաստանի գրասենեակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ Կ.Խ.Մ.Կ.-ն Ադրբեջանական իշխանութիւնների հետ երկխօսութեան մէջ է:

Աւելի վաղ հաղորդել էինք, որ ադրբեջանական Զ.Լ.Մ.-ների փոխանցմամբ՝ որպէս նախնական վարկած նշւում է Պետրոսեանի սրտի անբաւարարութիւնը։

Ըստ նոյն աղբիւրի՝ մահւան պատճառները յստակեցւում են Գեանջայի (հայկական՝ Գանձակի) բժշկական կենտրոնում։

Յիշեցնենք՝ օգոստոսի 7-ին Կարէն Պետրոսեանը յայտնւել էր Ադրբեջանական տարածքում, իսկ գերեվարւելուց ժամեր անց համացանցում տարածւեցին հայ գերու լուսանկարները, ինչպէս նաեւ՝ տեսահոլովակ, որտեղ երեւում է, թէ ինչպէս է հարցաքննւում մեր հայրենակիցը, իսկ ադրբեջանական կողմը նրան ներկայացնում է որպէս դիւերսանտ:

Մեր հայրենակցի միակ կապակցւած խօսքը վերաբերում էր Հայաստան վերադառնալու ցանկութեանը։

«Ինձ իմ Հայաստանն է պէտք, տարէք մեր տուն»,- տեսագրութեան մէջ լսելի էր Կարէն Պետրոսեանի խօսքը՝ ուղղւած ադրբեջանցիներին։

 Դատելով տեսագրութիւնից՝ Կարէն Պետրոսեանի նկատմամբ Ադրբեջանում կիրառւել են խոշտանգումներ եւ մահը հենց այդ անմարդկային վերաբերմունքի հետեւանքն է, ինչի կապակցութեամբ փորձագէտները կարծիք են յայտնել, որ Ադրբեջանը կը փորձի ձգձգել դիակը յանձնումը հայկական կողմին։