Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հրապարակումները, թէ այս տարւայ սեպտեմբերին Թուրքիան կը բացի Հայաստանի հետ սահմանը, անհիմն են: Ադրբեջանական Ա.Պ.Ա.-ն է հերքումը տարածել՝ պնդելով, թէ գործակալութեան թղթակցին այդ մասին ասել են Թուրքիայի արտգործնախարարութիւնից:

Լրատւամիջոցը նաեւ հաղորդել է, որ Անկարան յայտարարութիւն կը տարածի այս առիթով, ինչը, յամենայն դէպս, մինչ այս պահը չի արել:

Իսկ «Թարաֆ» պարբերականը, թուրքական այլ եւ մի շարք օտարերկրեայ լրատւամիջոցներ, աւելի վաղ հաղորդել էին, թէ վարչապետ Էրդողանն արդէն հրահանգել է աւարտին հասցնել 2012 թւականից սկսւած՝ Ալիջանի սահմանային անցակէտի բացման նախապատրաստական աշխատանքը: Պարբերականը շեշտել է, որ սա Էրդողանի երկրորդ ժեստն է Հայաստանին. առաջինը, ըստ նոյն աղբիւրի՝ 1915 թւականի զոհերի հարազատներին այս տարի ապրիլին ուղղած ցաւակցական ուղերձն էր:

Հայաստանի արտգործնախարարութեան մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը «Երկիրն այսօր»-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ Երեւանը թուրքական ամէն մի թերթի լուր, ու յատկապէս՝ ոչ-իրական, չի մեկնաբանում։

Հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման վերաբերեալ ապատեղեկատւութիւններ բազմիցս են տարածւել, եւ փորձագէտները զգուշացրել են, որ Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ Թուրքիան աւելի ակտիւօրէն գործի կը դնի իր քարոզչամեքենան: