Շաբաթ՝ 2021 թւականի փետրւարի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան իրականացւեց աւանդոյթ դարձած միջոցառումը՝ ազգային մարմինների ներկայացուցիչների հանդիպումը Նոր Ջուղայի ու Շահինշահրի համայնքների նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ։

Ազգային մարմինների կողմից ներկայ էին Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը եւ փոխ-ատենապետ արժ. Տ. Մեսրոպ ա. քհնյ. Գալստանեանը, Թեմական խորհրդի փոխ-ատենապետ դոկտ. Նորայր Թումանեանն ու Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան անդամները։

Երեկոն սկիզբ առաւ հանդիսավար Վեդի Յարութիւնեանի ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերով, ապա Վարուժ Մովսիսեանը շնորհակալութիւն յայտնելով հիւրերին՝ երեկոյին ներկայանալու համար, շնորհաւորեց նորապսակներին իրենց ամուսնութեան, իսկ ծնողներին՝ նորածինների լոյս աշխարհ գալու առիթներով։ Նա իր խօսքի շարունակութեան մէջ յատուկ շնորհակալական խօսք ուղղեց Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը՝ եկեղեցիները բարեզարդ պահելու եւ եկեղեցական արարողութիւնները լաւագոյնս կազմակերպելու համար։

Այնուհետեւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան ատենապետ Հենրիկ Յակոբեանը շնորհակալական խօսք ուղղելով թեմի Կրօնական խորհրդին՝ վարչութեան կողքին լինելու եւ յատկապէս համավարակի շրջանում բոլոր արարողութիւնները՝ լինեն դռնփակ թէ դռնբաց, պատշաճօրէն կազմակերպելու համար, շնորհաւորանքի խօսք ասաց հրաւիրեալներին՝ մաղթելով նրանց երջանկութիւն, առողջութիւն ու պայծառ ապագայ։

Շարունակութեան մէջ նորածիններին նւիրւեցին դրամական պարգեւներ, իսկ նորապսակներին՝ յուշանւէրներ։ Յատկանշական է, որ նախորդ Տեառնընդառաջ տօնից մինչեւ այսօր թեմի ազգային իշխանութեան կողմից 5 ամուսնացող զոյգերի նւիրւել է 30-ական միլիոն, իսկ 17 նորածինների ծնողներին՝ 10-ական միլիոն թուման. ծնողներն իրենց զաւակի պարգեւի կէսն ստացել են երեխայի ծնունդից անմիջապէս յետոյ, իսկ միւս բաժինը՝ այս երեկոյի ընթացքում։

Երեկոյի փակման խօսքով հանդէս եկաւ Թաթուլ Օհանեանը։ Նա ներկաներին փոխանցելով Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի շնորհաւորանքի խօսքերն ու բարեմաղթանքները, կարեւորութեամբ ընդգծեց, որ հայ կինը եւ մայրը համարւում են տան սիւնը եւ առանցքային դերակատարութիւն ունեն իրենց սեփական ընտանիքում։ Նա յոյս յայտնելով, որ այս տարւայ նորապսակների նորակազմ ընտանիքներում մօտ ապագայում լսւելու են մանկական ճիչեր, նշեց, թէ ժողովուրդն է կառուցում հայրենիքը եւ որակը ստեղծւում է քանակից, ուստի հայ ազգը պէտք է ինքն իրեն պահի իր թւով, տաղանդով ու գործունէութեամբ։

Հարկ է նշել, որ Տեառնընդառաջի նախատօնակի առիթով, նոյն օրը երեկոյեան եկեղեցական արարողութիւններ տեղի ունեցան Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս», «Ս. Յովհաննու Կարապետ» եւ «Ս. Գրիգոր Լուսաւորիչ», ինչպէս նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում։

 

 Թղթակից (Նոր Ջուղա)