Ուրբաթ եւ շաբաթ՝ 2021 թւականի յունւարի 29 եւ 30-ին, Նոր Ջուղայի «Ս. Սարգիս» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ու մասնակցութեամբ եկեղեցական դասի, Ս. Սարգիս զօրավարի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ:
Այս առիթով ուրբաթ առաւօտեան տեղի ունեցաւ աղօրհնէքի դռնփակ արարողութիւն, իսկ աւելի ուշ ոչխարների զենում, որից յետոյ սկիզբ առան հարիսայի պատրաստման աշխատանքները: (highlight արած բաժինը փոխել եմ)
Նոյն օրը երեկոյեան ժամը 6:00-ին, իրականացւեցին հսկման արարողութիւնը եւ զինւորների օրհնութեան կարգը, որտեղ Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմիս զաւակները Սրբազան Հօր միջոցով ստացան Աստծոյ օրհնութիւնը: Առողջապահական նկատառումներից ելնելով՝ երեկոյեան ժամերգութեանը ներկայ էին միայն թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները, զինւորներն ու նրանց հարազատները։
Այնուհետեւ Սրբազան Հօր միջոցով, Կրօնական խորհրդի կողմից նւէրներ շնորհւեցին թեմիս 12 զինւորներին։ Ծառայութեան պատճառով բացակայ զինւորների նւէրները յանձնւեցին նրանց ծնողներին։
Վերջում ներկաներին իր սրտի խօսքն ուղղեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը։ Նա դիմելով զինւորներին՝ ասաց, որ իրենց համար աղօթում են ոչ միայն եկեղեցական դասը՝ յատկապէս կիրակնօրեայ Ս. Պատարագների ընթացքում, այլեւ իրենց ծնողները, որոնք ամենօրեայ կարգով աղօթում են առ Բարձրեալն Աստւած՝ իրենց զաւակների առողջութեան եւ զինւորական ծառայութեան բարեյաջող աւարտի համար։ Սրբազան Հայրն իր խօսքի մի այլ բաժնում աշխարհին՝ ի մասնաւորի մեր տարածաշրջանին խաղաղութիւն մաղթելով, բոլոր զինւորներին անվտանգ ծառայութիւն ցանկացաւ։ Թեմակալ առաջնորդի ելոյթն աւարտւեց տօնի առթիւ շնորհաւորանքի խօսքերով։
Շաբաթ առաւօտեան, ձեռամբ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, դարձեալ դռնփակ կերպով Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց տօների առիթով։
Այնուհետեւ Սրբազան Հայրը եկեղեցական դասի եւ երգեցիկ խմբի կազմած թափօրի ուղեկցութեամբ դուրս եկաւ եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան:
Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ, արարողութիւնների աւարտին, տիրացուների միջոցով օրհնւած հարիսան բաժանւեց Նոր Ջուղայի հայ ընտանիքներին:
Ս. Պատարագի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկան «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի անդամուհիները՝ Անուշ Յովհաննիսեանի ղեկավարութեամբ։
Հարկ է նշել, որ տօնի առիթով ուխտաւոր հաւատացեալները կատարել էին նւիրատւութիւններ։



Թղթակից (Նոր Ջուղա)