Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդների կոչ-նամակը՝ ԻԻՀ-ում՝ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ա. Թումանեանին

Արցախեան 45-օրեայ պատերազմի հանգուցալուծման կապակցութեամբ, թւականիս նոյեմբերի 10-ին ստորագրւած սահմռկեցուցիչ համաձայնագիրը ցնցեց բոլորիս հոգին։

Համաձայնագիր, որը գաղտնի բանակցութիւնների արդիւնքում, միանձնեայ պատասխանատւութեամբ, առանց ազգային, եկեղեցական եւ քաղաքական գործիչների նաեւ հասարակութեան տեղեկացնելու, դրոշմւեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ստորագրութեամբ՝ թշնամուն սկուտեղի վրայ յանձնելով 30 տարիների ընթացքում մեր հայորդիների արեան գնով ազատագրւած հազարամեայ պապենական հողերը եւ ընդունելով թշնամու բոլոր նւաստացուցիչ պայմանները, որից կարեւորագոյնը կարելի է համարել Թուրքիայի եւ Ադրբեջանի տարիների նպատակը՝ Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետութեան միջեւ երկու ուղղութիւններով կապ հաստատելու հնարաւորութիւնը, որի համար բացւելու են Հայաստանի հարաւային դարպասները։

Այս դաւաճանական քաղաքական դիրքորոշումը եւ կատարւած գործողութիւնը սկիզբն է լինելու Արցախի հայաթափմանը եւ վտանգելու են Հայաստանի գոյապահպանումը, որն է թուրքի դարաւոր երազանքը։

Ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանը իր իշխանութեան երկու եւ կէս ամեայ պաշտօնավարման ընթացքում սխալներ է թոյլ տւել արտաքին քաղաքականութեան ոլորտում՝ չզանազանելով թշնամին եւ բարեկամը, ինչը եւ նկատւեց Արցախեան 45-օրեայ պատերազմի ընթացքում, որի արդիւնքը եղաւ Հայ ժողովրդի արժանապատւութեան կորուստը եւ արձանագրւեց ազգային աղէտը եւ ողբերգութիւնը։

Արդ, Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, Իրանահայ երկու Թեմերս, խստիւ դատապարտելով Նիկոլ Փաշինեանի միջոցով իրագործւած պարտւողական, խայտառակ գործարքը եւ, այժմ, նաեւ սեփական իշխանութիւնը պահելու եւ ինքնարդարացման նպատակով, երկրում ներքին թշնամանք սերմանելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու եւ հայ ժողովրդի միասնականութիւնը վտանգող գործողութիւնները, պահանջում ենք Նիկոլ Փաշինեանի անյապաղ հրաժարականը։ Երիցս դատապարտելի քայլ է համարւում նաեւ հրաժարականի արդարացի պահանջի դէմ նրա կողմից ձեռնարկւած ճնշման եւ բռնութիւնների փորձերը։

Առ այդ, կոչ ենք անում իշխանութեանը՝ միասնական դիրքորոշում որդեգրել ժողովրդական ցասումը մեղմացնելու, իրավիճակը առաւել բարդանալուց զերծ մնալու եւ Արցախի ազատագրման եւ ազգային վեհ նպատակների իրականացման անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու կապակցութեամբ։

15 նոյեմբերի 2020 թ.

ԱՂՕԹԱՐԱՐՔ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՍԻՓԱՆ ԵՊՍ. ՔԷՉԷՃԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ