2020 թւականի յունիսի 22-ին, մէկ տարեկան դարձաւ Ս. Ամենափրկիչ վանքի Ազգագրական թանգարանը: Թանգարան, որի հիմնադրման որոշումը կայացրել է Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը, հիմք ընդունելով հանգուցեալ Մարգարիտ Խաչանեանի կտակը՝ ազգագրական թանգարան հիմնելու կապակցութեամբ, եւ աշխատանքն իրագործւել է ժամանակի Թեմական խորհրդի հետեւողական ջանքերի շնորհիւ: Նոր Ջուղայի հայոց Ազգագրական թանգարանում ցուցադրւած իրերի միջոցով լուսարձակի տակ են առնւել Նոր Ջուղայի հիմնադրման պատմութիւնը՝ ներառեալ վաճառականութիւնը, արհեստն ու արւեստը, ընտանիքը, աւանդոյթները եւ …

Այս թանգարանի մէկամեակի առիթով, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ յոբելեար թանգարանի պատասխանատուների ու պաշտօնեաների ջանքերի շնորհիւ, հինգշաբթի՝ յունիսի 25-ին, պատկան տարածքում կազմակերպւել էր «Նոր Ջուղայի պատմութեան ուղիներում» խորագրով կենդանի ցուցահանդէս, որտեղ հայ արհեստաւորների ու արւեստագէտների, ինչպէս նաեւ մի շարք երիտասարդների կենդանի ցուցադրմամբ այցելուներն առաւել ծանօթացան հայկական աւանդոյթներին, ձեռարւեստին, արհեստին ու տարազներին:

Յոբելեանական ցուցահանդէսի շրջագծում թանգարանի մուտքի մօտ, խաչքարերի բաժնում, քարտաշ Սուրէն Մինասքանեանը քարի վրայ փորագրում էր հայկական զարդանախշեր, իսկ ներսում՝ ոսկերչութեան արհեստի անկիւնում, Ալֆրեդ Միրջանեանն իր հմտութիւններն էր ցուցադրում ոսկէ եւ արծաթէ զարդեր պատրաստելու գործում. տպագրման արհեստն արտացոլող կրպակում Հրաչ Տէր-Յովհաննիսեանն տպագրում եւ այցելուներին էր նւիրում օրւայ առթիւ յուշաքարտեր. հայկական խոհանոց կրպակում ցուցադրւել էին աւանդական խմորեղէններ. ձեռագործների բաժնում Հիլդա Խուդաբախշեանն ու Անահիտ Մինասեանը գործում  էին հայկական ձեռարւեստից զանազան նմուշներ, իսկ ամուսնութեան ծէսը ներկաներին առաւել ծանօթացնելու նպատակով Ալինէ Յարութիւնեանը, Ադրիանա Գրիգորեանն ու Սեւադա Իսաղուլեանը զգեստաւորւել էին հարսի եւ փեսայի տարազներով, որոնք՝ ինչպէս ցուցահանդէսի միւս բաժինները, գրաւեցին այցելուների ուշադրութիւնը:

Հայուհու գեղեցիկ տարազներով էին զգեստաւորւել նաեւ Անասիկ Ծառուկեանն ու Անի Թահմազեանը, ովքեր դիմաւորելով զբօսաշրջիկներին, ոչ միայն բացատրութեամբ էին հանդէս գալիս՝ Նոր Ջուղայի Հայոց Ազգագրական թանգարանի հիմնադրման նպատակի եւ Մարգարիտ Խաչանեանի կտակի մասին, այլեւ անւանի իրանահայեր բաժնում, այցելուներին ծանօթացնում էին այնտեղ ներկայացւած յայտնիների ձեռքբերումների հետ:


Թղթակից (Նոր Ջուղա)