Չորեքշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան իրականացւեց աւանդոյթ դարձած միջոցառումը, որտեղ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու ազգային մարմինների ներկայացուցիչները հանդիպում ունեցան Նոր Ջուղայի եւ Շահինշահրի համայնքների նորապսակների, նորածինների եւ նրանց ծնողների հետ:
  Հանդիպումն սկիզբ առաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանի ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերով, ապա Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը շնորհակալութիւն յայտնելով հիւրերին՝ երեկոյին ներկայանալու համար, յատուկ շնորհակալական խօսք ուղղեց Կրօնական խորհրդի հետ աշխատող ենթամարմիններին՝ ի մասնաւորի Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան անդամներին, որոնց ջանադիր աշխատանքի շնորհիւ Կրօնական խորհրդին յաջողւում է լաւագոյնս իրականացնելու եկեղեցական արարողութիւններն ու այլ նախաձեռնութիւնները:
  Այնուհետեւ հրաւիրեալներին շնորհաւորանքի խօսք ուղղեց Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան ատենապետ Հենրիկ Յակոբեանը՝ մաղթելով նրանց երջանկութիւն, առողջութիւն ու պայծառ ապագայ:
  Շարունակութեան մէջ նախ մանուկների ծնողները, ապա նորապսակ զոյգերը, թեմակալ առաջնորդի եւ ազգայինների ընկերակցութեամբ առանձնաբար յատեցին իրենց համար նախատեսւած տորթերը, որից յետոյ նորածիններին նւիրւեցին դրամական պարգեւներ, իսկ նորապսակներին՝ յուշանւէրներ:
  Յատկանշական է, որ թեմիս Կրօնական խորհրդի առաջարկով եւ Պատգամաւորական ժողովի հաստատումով անցնող տարւայ ընթացքում իւրաքանչիւր ամուսնացող զոյգի նւիրւել է 30 միլիոն, իսկ նորածինների ծնողներին՝ 10 միլիոն թուման. ծնողներն իրենց զաւակի պարգեւի կէսն ստացել են երեխայի ծնունդից անմիջապէս յետոյ, իսկ միւս բաժինը՝ այս երեկոյի ընթացքում:
  Արտայայտւեց նաեւ թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը: Նա ընդգծելով, որ ընտանիք կազմելն ու զաւակներ ունենալը Աստւածային օրէնք է եւ որ հայ ազգը պէտք է բազմանայ ու բարգաւաճի, ջերմօրէն շնորհաւորեց հիւրերին առիթի կապակցութեամբ, ապա շնորհակալութիւն յայտնեց Թեմական եւ Կրօնական խորհուրդներին, որոնք Պատգամաւորական ժողովի որոշումն ի կատար ածելով, նորապսակ զոյգերի եւ նորածինների ծնողների նկատմամբ հոգածութիւն են ցուցաբերել:
  Վերջում իր հայրական պատգամը փոխանցեց Սրբազան Հայրը: Նա շնորհաւորանքի խօսքից յետոյ գեղեցիկ համեմատութիւն անցկացրեց ընտանիքի անդամների եւ թագաւորի ու թագի միջեւ, նշելով, որ ընտանիքի հայրը նման է թագաւորի, որի թագն իր կինն է եւ զաւակները թագը զարդարող ադամանդներն են:  Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր խօսքի աւարտին մաղթեց, որ ամուսինները միշտ սիրով լինեն, որոշումները կայացնեն խորհրդակցաբար ու միակամ եւ սեփական ընտանիքն աճեցնեն շատ զաւակներ լոյս աշխարհ բերելով:  

Թղթակից (Նոր Ջուղա)