Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի հովանաւորութեամբ ու կազմակերպութեամբ, չորեքշաբթի՝ փետրւարի 5-ի երեկոյեան, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում, «Դումահ» ռոք երաժշտական խումբը հանդէս եկաւ իր անդրանիկ համերգով:
  Ներկաներին ողջունեց եւ բացման խօսքով հանդէս եկաւ Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի անդամ Վեհանուշ Խուդաբախշեանը, ով նախ անդրադարձաւ 1950-ական թւականներին երաժշտական «Ռոք» ժանրի ստեղծմանը, աշխատանքային ոճին, կանոններին եւ յետագայում աշխարհում տարածւելու պատմականին, ապա ներկայացրեց «Դումահ» խմբի անդամներին: Խումբը ներկայացնում էին՝ Կարէն Դիլանչեանը՝ ռիթմ գիթառ, Սերգէյ Փանոսեանը՝ բէյս գիթառ, Շանթ Սարեանը՝ լիդ գիթառ, Արայիկ Սիմոնեանը՝ հարւածային գործիքներ եւ ոկալ, Վահան Վարդեւանեանը՝ ոկալ: Համերգի ընթացքում հանդէս եկան նաեւ համայնքի սիրւած երգիչ-երգչուհի՝ Արթին Քէշիշեանը եւ Թանիա Մինասեանը: «Դումահ» խումբը եւ հրաւիրեալ երգիչ-երգչուհին, անգլերէն եւ հայերէն երգերի կատարումներով խանդավառութեամբ ողողեցին դահլիճը, իսկ ամենաողջունելի կատարումը խմբի «First and last» երաժշտութեան հեղինակային կատարումն էր, ինչը խմբի անդամները նւիրեցին համայնքից բացակայ՝ խմբի համահիմնադիր անդամ՝ Մամբրէ Թահմազեանին:
  Համերգը եզրափակւեց «Գինիլից» համարով, ինչը կրկնւեց հանդիսատեսի ցանկութեամբ՝ խանդավառ ու յոտնկայս մթնոթորտում: Եզրափակիչ խօսքում հանդիսավարը խմբի անունից շնորհակալական խօսք ուղղեց խմբավար՝ Համիկ Ալեքսանդրեանին, միութեան Կենտրոնական վարչութեանը, Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնին, Հայ Դատի յանձնախմբին եւ «Ara Sounnd»-ի տնօրինութեանը՝ իրենց համագործակցութեան համար:
  «Դումահ» ռոք խումբը կազմաւորւել է 2015 թւականին, շնորհալի երիտասարդներ՝ Սերգէյ Փանոսեանի, Շանթ Սարեանի, Մամբրէ Թահմազեանի եւ Արայիկ Սիմոնեանի միջոցով: «Դումահ» նշանակում է «Լռութեան հրեշտակ»: խումբը 2017 թւականին մասնակցել է «Iran music talent» մրցութեանը՝ գրաւելով 3-րդ տեղը: Նոյն թւականին համերգով հանդէս է եկել «Բասթէ նեգար» երաժշտական կենտրոնում:

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝ Երանուշ Թահմազեան
Լուսանկարները՝ Արգին Ղարիբեանի