ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ Նոր Ջուղայում իրականացան Հայոց ցեղասպանութեան 104-ամեակի ոգեկոչման միջոցառումները:

Երեքշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու եկեղեցական դասի մասնակցութեամբ, «Ս. Ստեփանոս» եկեղեցում կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը: Այնուհետեւ  առաջնորդ Սրբազան Հօր, հոգեւորականաց դասի,  ազգային մարմինների ու Հայ Դատի յանձնախմբի անդամների եւ ժողովրդի մասնակցութեամբ սկիզբ առաւ խորհրդաւոր լռութեան ներքոյ մոմերով երթը, որն ընթացաւ դէպի Ս. Ամենափրկիչ վանք տանող պողոտաներով եւ աւարտւեց վանքում վեր խոյացած Հայոց ցեղասպանութեան յուշարձանի առջեւ:

Այնուհետեւ վանքի շրջափակում տեղի ունեցաւ համահաւաք: Սկզբում ելոյթ ունեցաւ Շւէյցարիայից ժամանած երաժշտական խումբը՝ ղեկավարութեամբ Պիեր Ժոզեֆ Որսկիի, ապա Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների խօսքն ընթերցեց Թեմական խորհրդի անդամուհի Սոնիկ Բաղումեանը, որտեղ շեշտելով, որ Թուրքիան շարունակում է ունենալ փանթրքականութեան ժամանակակից դէմքով ֆիզիքական եւ հոգեբանական հալածանք, կալանք եւ սպանութիւններ հայերի դէմ, հայերին պաշտպանողների դէմ, թուրք մտաւորականների եւ այլախոհների դէմ՝ երկրի սահմաններից ներս, իսկ երկրի սահմաններից դուրս՝ սպառնալիք եւ ահաբեկչութիւն՝ Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող միջազգային հանրութեան, մտաւորականութեան եւ պետութիւնների ու յատկապէս հայ համայնքների դէմ, ասւած էր. «Կարեւոր է աշխատել եւ տքնալ մեր կառոյցների գործունէութիւնն արդիւնաւէտ  դարձնելու  համար, կենդանի գործի ծրագիր մշակել եւ ամէն ինչ անել այդ ծրագրերի իրականացման ուղղութեամբ, որպէսզի այդ կառոյցների շուրջ կարողանանք համախմբել Հայաստանում դէպի Ծիծեռնակաբերդ ջահերով ու ծաղիկներով երթի դուրս եկած միլիոնաւոր ժողովրդին, Իրանի հայահոծ քաղաքներում, Լիբանանում, Սիրիայում, հեռաւոր արեւմուտքում ցոյցի դուրս եկած հարիւր հազարաւոր հայորդիներին, որպէսզի կարողանանք իմի բերել նրանց կարողութիւնները, զարգացնել նրանց հմտութիւնները, այնպէս որ 10 միլիոն քանակ հաշւող հայութիւնը դառնայ 100 միլիոն որակ, ուժ, իսկ մեր երկիրը՝ հզօր եւ մրցունակ: Ա՛յս է անմիջականը, անյետաձգելի՛ն, մեր նո՛ր պայքարը»:

Երեկոյի շարունակութեան մէջ հնչեցին գեղարւեստական կատարումներ՝ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի եւ համայնքի անհատ մենակատարների միջոցով՝ Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր-Մարտիրոսեանի ղեկավարութեամբ. այս ծիրում ասմունքներով հանդէս եկան Ալինա Տէր-Սուքիասեանն ու Թանիա Մինասեանը, իսկ երգերի կատարումներով՝ Վանա Շիրւանեանը, Թանիա Մինասեանը, Լալագէ Իսաղուլեանը, Թադէ Մկրտչեանն ու Հարմա Կարապետեանը:

Որպէս եզրափակիչ խօսք՝ ներկաներին  իր հայրական պատգամն ուղղեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Նա նշելով, որ Հայոց ցեղասպանութեան օրօք եղել են թուրքեր, որոնք օգնել են հայերին եւ հիմա էլ քիչ չեն թուրք մտաւորականներ եւ ժողովուրդ, ովքեր ընդունում եւ դատապարտում են 104 տարի առաջ տեղի ունեցածը, շեշտեց, որ հայ ժողովրդի ոսոխը հայատեացութիւն սերմանող եւ ցեղասպանութիւնը շարունակող թուրք իշխանութիւնն է եւ մեր դատապարտող ու հատուցում պահանջւող վանկարկումները պէտք է ուղղւեն հէնց թուրք իշխանութեանը:

Վերջում տեղի ունեցաւ ժողովրդական մոմավառութիւն:

Հարկ է նշել, որ համահաւաքի ընթացքում յուշարձանի շուրջ, անմար ջահերով, հսկումի արարողութիւն կատարեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամները:

Չորեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, սկզբում թեմակալ առաջնորդի ձեռամբ, Մեծ եղեռնի բիւրաւոր Սուրբ Նահատակների յիշատակին մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ, Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում:

Պատարագիչն իր քարոզախօսութեան մէջ անդրադառնալով Յովհաննէս աւետարանից մի հատւածի, որտեղ ասւած է, թէ ձեր սրտերը թող չխռովեն, այլ ձեր հաւատը հաստատէք Աստծու վրայ, աւելացրեց, որ ճիշտ է մեզ մեր հայրենի հողերից տեղահանեցին եւ անապատը դարձաւ մեր ժողովրդի անյայտ շիրիմը, սակայն ցեղասպանի հրեշային ծրագիրը չիրագործւեց եւ մենք դարձեալ յարութիւն առանք արմատներից ու ծաղկեցինք, քանի որ մեր հաւատն ու յոյսը վերահաստատեցինք երկնաւոր Հօր վրայ: Սրբազան հայրը մի այլ բաժնում շեշտեց, որ հայ ժողովրդի խռովւած սրտերն ու հոգիները կը դադարեն խռովութիւնից միայն այն ժամանակ, երբ աշխարհն արդարադատ կերպով կընդունի Հայոց ցեղասպանութեան ճշմարտութիւնը:

Հոգեպարար Պատարագից յետոյ վանքի շրջափակում, Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը՝ թեմակալ առաջնորդի, քահանայից դասի, Հայաստանից ժամանած Հ.Յ.Դ. Բիւրոյի Արեւմտահայոց հարցերի գիտահետազօտական կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցեանի, թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի միութիւնների, հայոց դպրոցների ու ժողովրդի մասնակցութեամբ:

Նոյն օրը երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում իրականացւեց դասախօսական-գեղարւեստական երեկոյ, որն սկիզբ առաւ մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ՝ Հայոց ցեղասպանութեան Սուրբ Նահատակների անմոռաց յիշատակին:

Այնուհետեւ երեկոյի դասախօսական ելոյթը ծաւալեց Հայկազուն Ալվրցեանը, ով անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան քաղաքական ճակատագրին՝ 30 տարիների հեռաւորութիւնից:

Դասախօսն իր զրոյցի սկզբնական բաժնում նշելով, որ Հայաստանի վերանկախացումից մինչեւ օրս իշխանութեան գլուխն անցած չորս վարչախմբերի քաղաքականութեան մէջ Հայոց ցեղասպանութեան հարցում որեւէ փոփոխութիւն չի նկատւում, աւելացրեց, թէ ճիշտ է մի շարք պետութիւններ եւ միջազգային կառոյցներ ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը, բայց հիմնականում այդ պետութիւններն ու կառոյցները հարցը ճանաչել են այնքանով որքան նպաստել է իրենց շահերին:

Նա յատկապէս շեշտեց, որ զարմանալի չէ, թէ մեր բարեկամները հետամուտ չեն իրենց սկզբունքային դիրքորոշմանը եւ աւելին չեն կատարում Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման ուղղութեամբ, քանի որ նրանք չեն կարող Թուրքիայից պահանջել մի բան, որը չի պահանջում Հայաստանի իշխանութիւնը, իսկ Թուրքիան գիտակցելով, որ Ցեղասպանութեան հարցում քաղաքական պահանջատիրութիւնը հայ ժողովրդի պահանջատիրութիւնն է եւ ոչ Հայաստանի իշխանութեանը, Սփիւռքում՝ ի մասնաւորի արեւմուտքում, ուժեղացնում է իր քարոզչական աշխատանքները:

Նա անդրադառնալով Հայաստանի գործող իշխանութեան կողմից Սփիւռքի նախարարութեան լուծարման նպատակներին ու բացասական հետեւանքներին՝ աւելացրեց, որ այս իշխանութեան մօտ բացակայում է համահայկական ուժը համախմբելու ուղղութեամբ համապատասխան քաղաքականութիւնը եւ ընդգծեց. «Բարեբախտաբար այս պայքարում մեր կողքին է մի նոր դաշնակից՝ Թուրքիայի հանրապետութեան տարածքում ապրող ծպտեալ հայութիւնը, ովքեր թէեւ կորցրել են լեզուն ու դաւանանքը, բայց չեն կորցրել իրենց ազգային գիտակցութիւնը:  Նրանցով մեր բռունցքն ամբողջանում է, մեր պայքարի ուժը բազմապատկւում է եւ մենք այս ուղղութեամբ պէտք է լուրջ վերանայումներ կատարենք բոլոր ասպարէզներում՝ հոգեւոր, քաղաքական ու մշակութային-ճանաչողական: Հայոց ցեղասպանութիւնը համահայկական ցաւ է, պայքարն էլ պէտք է մղւի համահայկական ընդգրկումով, այսինքը՝ ոչ միայն այս պայքարում պէտք է ընդգրկենք Արեւմտահայաստանի հայութեանը, այլեւ հայոց ազգի պահանջատիրութեան խնդիրը պէտք է դարձնենք պետական քաղաքականութեան հիմնահարց»:

Յաջորդիւ իրականացւեց Կոմիտասի ստեղծագործութիւններով ողողւած գեղարւեստական յայտագրով բաժինը. Թեմական խորհրդի հրաւէրով Շւէյցարիայից ժամանած դաշնակահար Ծովինար Սուֆլիեանն ու շեփորահար Ուրս Իթինը հանդէս եկան Կոմիտասից երաժշտական համարների մենակատարումներով ու զուգակատարումներով, իսկ ընթացքում հնչեցին այս անւանի երաժշտագէտի երգերից՝ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի խմբավար Համիկ Ալեքսանդրեանի եւ անդամուհի Արսինէ Մարգարեանի, ինչպէս նաեւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի խմբավար Արբի Բաբումեանի ու անդամուհի Թենի Մկրտչեանի մենակատարումներով՝ Ծովինար Սուֆլիեանի դաշնամուրի նւագակցութեամբ: Երգերի կատարումներով հանդէս եկաւ նաեւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը:

Ապրիլ 23 եւ 24-ի բոլոր միջոցառումնեը հաղորդավարեց Սօսէ Ասատրեանը: Բարեխօսական կարգի եւ Ս. Պատարագի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ դոկտ. Արբի Բաբումեանի:

Թղթակից (Նոր Ջուղա)