Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակի ոգեկոչման ծրագրերի ծիրում, երկուշաբթի՝ ապրիլի 22-ին, Ս. Ամենափրկիչ վանքում տեղի ունեցան աշակերտական բողոքի համահաւաք-ծաղկեմատոյցներ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցների մասնակցութեամբ:

Առաջին միջոցառումն իրականացւեց առաւօտեան ժամը 11:00-ին. Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի առջեւ ի մի եկան Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի ու «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի սաներն ու պատասխանատուները:

Աշակերտական ելոյթներն սկիզբ առան «Արմէն» դպրոցի աշակերտների միջոցով. Էմմի Մկրտչեանն ընթերցեց անգլերէն լեզւով աշակերտական խօսքը, իսկ Քաթրին Ակոնը՝ պարսկերէնով. ասմունքեցին Դանիթա Ղազարեանը, Թանիա Յովսէփեանը, Շարա Աղախանեանն ու Յաւերժ Յակոբեանը. դպրոցի կատարումները եզրափակւեցին խմբական երգով:

Ծրագրի շարունակութեան մէջ հաւաքական կատարումներով մանկապարտէզ-նախակրթարանի սաները հանդէս եկան երգով ու արտասանութեամբ, իսկ «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշակերտութիւնը երգով, ապա Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը փոքրիկ պահանջատէրներին պատգամեց՝ անխոնջ եւ շարունակական մասնակցութիւն բերել Հայ Դատի աշխատանքներին մինչեւ վերջնական եւ ամբողջական յաղթանակի կերտումը:

Վերջում առանձնաբար դպրոցների անունից ծաղկեպսակներ տեղադրւեցին յուշարձանի առջեւ, իսկ աշակերտներն ու պատասխանատուները հերթաբար իրենց մէկական ծաղիկները մատուցեցին բիւրաւոր սուրբ նահատակների անմոռաց յիշատակին:

Նոյն օրը, կէսօրին ժամը 12:30-ին, իր բողոքի ձայնը լսելի դարձրեց նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի աշակերտութիւնը:

Ծրագրում ասմունքներով հանդէս եկան Արմօ Ասատրեանն ու Սելին Բաղրամեանը, ապա Արթուր Քամարզարեանն ու Լիանա Ղազարեանը, իսկ Դւին Յովհաննիսեանը եւ Սիսիան Մարկոսեանն ընթերցեցին անգլերէնով աշակերտական խօսքը:

Թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը գնահատելով ելոյթները՝ յորդորեց պատանի ներկաներին կեանքի ասպարէզում ինչ մասնագիտութիւն էլ, որ ընտրեն, չմոռանան ազգի եւ հայրենիքի նկատմամբ ունեցած իրենց պարտականութիւնը եւ ջանք չխնայեն հայոց արդար Դատի լուծման ուղղութեամբ:  

Համահաւաքն աւարտւեց անհատական ծաղկեմատոյցով:

Զոյգ միջոցառումները հաղորդավարեց Սօսէ Ասատրեանը: Վերոնշեալ համահաւաքներին ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու աշակերտութեան ծնողները: Յատկանշական է, որ միջոցառումները մեծ ուշադրութեան արժանացան Ս. Ամենափրկիչ վանքի թանգարան այցելած զբօսաշրջիկների կողմից:

Հարկ է նշել, որ չորեքշաբթի՝ ապրիլի 17-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, իրականացւեցին աշակերտական աշխատանոցներ՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի «Արմէն» տարրական կրթահամալիրի 6-րդ դասարանի եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտների, ինչպէս նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի սաների, որտեղ պատրաստւեցին եւ վանքի շրջափակում ցուցադրւեցին հատուցում պահանջող պաստառներ ու պատի թերթեր:

Թղթակից (Նոր Ջուղա)