Նոր Ջուղայի պատմութեան առաջին առաջնորդ երջանկայիշատակ Մեսրոպ Արք.-ի դամբարանին (վախճան՝ 1626 թւական) պատշաճ եւ արժանաւոր տեսք հաղորդելու համար՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ ազգային իշխանութեան համագործակցութեամբ իրականացւել են նշւած վախճանեալ առաջնորդի շիրիմի եւ յարակից տարածքի բարեզարդման աշխատանքները: Դամբարանը գտնւում է Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը:

Կրօնական խորհուրդը Ս. Յարութեան տօնին նախորդող Աւագ ուրբաթը (2019 թւականի ապրիլի 19) պատեհ առիթ համարելով կազմակերպեց հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ առաջին առաջնորդի, ինչպէս նաեւ թեմում ծառայած միւս վախճանեալ առաջնորդների:

Կարգը տեղի ունեցաւ առաւօտեան ժամը 11:00-ին երջանկայիշատակ Մեսրոպ Արք.-ի բարեզարդւած դամբարանի առջեւ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ թեմի եկեղեցական դասի, ազգային մարմինների ներկայացուցիչների ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների:

Արարողութեան աւարտւին Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքն ուղղեց թեմի ազգային իշխանութեանը՝ դամբարանի բարեզարդման գործն ի կատար ածելու համար, ապա ներկաները մօտենալով շիրիմին խունկ ծխեցին՝ ի յիշատակ թեմում ծառայած վախճանեալ թեմակալ առաջնորդների եւ աղօթք բարձրացրեցին առ Աստւած:

Թղթակից (Նոր Ջուղա)