Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ, չորեքշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 10-ի երեկոյեան, ազգ. կրթահամալիրի “Ալենուշ Տէրեան” սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւեց գողտրիկ միջոցառում՝ սրբութեան ու զոհողութեան տիպար հայ մայրերին մեծարելու համար: Երեկոյին հրաւիրւել եւ ներկայ էին դպրոցի աշակերտութեան մայրերն ու տատիկները:

Ծրագրի սկզբում, ինչպէս նաեւ ընթացքում դպրոցի Ծնողական խորհրդի անդամուհի Էդնա Մանուկեանի միջոցով հնչեցին օրւայ կապակցութեամբ շնորհաւորանքի խօսքեր, մօրը գովերգող արտայայտութիւններ, առակներ, մէջբերումներ եւ բանաստեղծութիւններ, որտեղ ընդգծւած էր յատկապէս, թէ մայրական օրհնանքով ու աղօթքով է սկսւում եւ զարգանում բարին, լաւն ու գեղեցիկը:

Այնուհետեւ բեմը տրամադրւեց աշակերտներին, ովքեր ի երախտագիտութիւն իրենց մայրերից ու տատիկներից ստացած սիրոյ, քնքշութեան ու հոգատարութեան՝ իրենց մանկական, սակայն միեւնոյն ժամանակ անզուգական կատարումները նւիրեցին ներկաներին: Գեղարւեստական բաժնում Մանկապարտէզի Դեղին խմբակի սաները անհատական ելոյթ ունեցան օրւան պատշաճ խօսքերով ու քառեակներով, Վարդագոյնի փոքրիկներն ու նախակրթարանի աշակերտները միասնաբար մատուցեցին պարային համարներ, իսկ վերջում դպրոցի բոլոր սաները մօրը ձօնւած երգերից ու արտասանութիւններից մի գեղեցիկ փունջ նւիրեցին քնքուշ մայրերին:

Շարունակութեան մէջ դպրոցի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանը մայրերին եւ տատիկներին ուղղեց իր ջերմ շնորհաւորանքներն ու բարի մաղթանքները՝ տօնի կապակցութեամբ, ապա բոլորին հրաւիրեց պաստառի վրայ դիտելու դպրոցի աշխատանքներից պատրաստւած տեսանիւթը, որտեղ արտացոլւած էր, թէ սաները ինչպիսի սիրով ու բծախնդրութեամբ են պատրաստում տօնի շնորհաւորանքի բացիկը իրենց սիրելի մայրերին նւիրելու համար:

Երեկոն աւարտւեց հիւրասիրութեամբ, եւ դպրոցի կողմից մայրերին ու տիտիկներին նւիրւեցին յուշանւէրներ:

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան