Շաբաթ՝ 2015 թւականի դեկտեմբերի 26-ին` սուրբ Ստեփանոս Նախավկայի տօնին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի, մատուցւեց սուրբ եւ անմահ Պատարագ, որի ընթացքում կատարւեց նաեւ սարկաւագական ձեռնադրութիւն: Պատարագիչն էր Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը։

Արարողութեանը ներկայ էին նաեւ հիւրաբար Նոր Ջուղայում գտնւող գերշ. Տ. Վարուժան արք. Հերկէլեանը, քահանայից եւ դպրաց դասերը, Սպահանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի, Ն.Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան անդամները եւ հաւատացեալ ժողովուրդ: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Յընթացս սուրբ եւ անմահ Պատարագի, գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի ձեռամբ սարկաւագական ձեռնադրութեան արժանացան բրշն. կիսասարկաւագներ Ալբերտ Ղազարեանը, Արմէն եւ Արա Բաղումեանները, ովքեր ձեռնադրութեան խարտաւիլակ հոգշ. Տ. Արտակ վրդ. Արաբեանի ուղեկցութեամբ, ծունկի եկած եկեղեցու դասից բարձրացան Ս. Խորան։

Գերշ. Սրբազան Հայրը ձեռնադրութեան Ս. խորհրդից յետոյ ներկայացրեց տօնի իմաստն ու Ս. Ստեփանոսի նահատակութեան խորհուրդը: Այս առիթով նա շնորհաւորեց եկեղեցու բոլոր սարկաւագներին եւ մաղթեց, որ սարկաւագաց դասը ներշնչւի ու ոգեւորւի քաջ Նախասարկաւագի նւիրումով ու եռանդով։ Դիմելով նորաձեռնադրեալներին` գերշ. Սրբազան Հայրը յորդորեց նրանց հետեւելու Ս. Ստեփանոսի մարտիրոսական, խորհրդաւոր, անսակարկ, ազնիւ, հեզ ու մաքուր հոգեւոր ծառայութեանը:

Ձեռնադրութեան արարողութիւնից յետոյ, նոր ձեռնադրւած սարկաւագները Ս. Խորանի վրայ շարունակեցին սպասարկել Ս. Սեղանին։

Յաւարտ Ս. Պատարագի սրբազան արարողութեան, աւանդութեան համաձայն, գերշ. Սրբազան Հայրերի գլխաւորութեամբ եւ հոգեւորականաց դասի մասնակցութեամբ Ս. Ստեփանոս Նախավկայի աջով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն, որի ընթացքում լուսաւոր մոմերով եկեղեցու բեմ բարձրացան բոլոր սարկաւագները եւ կանգնեցին հոգեւորականաց դասի կողքին։

Եկեղեցական արարողութիւններից յետոյ, Ս. Ստեփանոս եկեղեցու սրահում, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութիւնը կազմակերպել էր հիւրասիրութիւն: Ընթացքում հերթաբար շնորհաւորանքի ու գնահատանքի խօսքեր արտասանւեցին Եկեղեցեաց Վարչութեան, Եկեղեցու Բարեզարդման Կանանց Յանձնախմբի եւ նորաձեռնադրեալ սարկաւագների անունից: Հիւրասիրութեան ընթացքում, սարկաւագների պատւին երգեց տկն Ռիթա Մկրտչեանը, ապա գերշ. Սրբազան Հայրը Եկեղեցեաց Վարչութեան միջոցով պատրաստւած նւէրները յանձնեց սարկաւագներին:

Բովանդակալից եւ ոգեշնչող խօսք ասաց գերշ. Տ. Վարուժան արք. Հերկէլեանը եւ շնորհաւորանքներ փոխանցեց բոլորին։ Իսկ առաջնորդ Սրբազան Հայրը ծրագիրը փակեց գեղեցիկ բարեմաղթանքով՝ արեւշատութիւն եւ ծառայական բեղուն կեանք ցանկանալով սարկաւագներին եւ ներկայ հաւատացեալներին: