Տարածաշրջանային այցի շրջանակում՝ Երեւանում գտնւող ԱԳ Նախարար  Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ. ըստ alikonline.ir-ի՝ հաղորդում է ՒՍՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը շնորհակակութիւն է յայտնել ընդունելութեան համար՝ ՀՀ վարչապետին փոխանցելով, Նախագահ Ռոհանիի ջերմ ողջոյնները:

Յստակեցնելով, որ Հայաստանը Իրանի լաւ հարեւանն է, Նախարար Զարիքը՝ նշել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի շատ ջերմ յարաբերութիւններ: 

«Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգութիւններ», նշել է Զարիֆը՝ աւելացնելով, որ վերջին պատերազմի առաջին իսկ օրերից եւ՛ Հայաստանի հետ, եւ՛ տարածաշրջանի այլ երկրների հետ կապի մէջ ենք եղել եւ ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցութեան հեռանկարներ: 

Նախարար Զարիֆը նաեւ նկատել է, որ ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ ձեւաչափով համագործակցութեան հնարաւորութիւններ կան:

Զարիֆը նաեւ ընդգծել է մեր երկրի, դիրքորոշումը Արցախեան ճգնաժամի վերաբերեալ. «Դա միջազգային իրաւունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնութիւնների պահպանումը, ինչպէս նաեւ տարածքային ամբողջականութեան պահպանումը եւ ագրեսիայի բացառումը»:

Պատերազմի հետեւանքով ստեղծւած հումանիտար խնդիրներին անդրադառնալով դոկտ. Զարիֆը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն էլ իր հերթին ողջունել է Նախարար Զարիֆի այցը՝ Երեւան շեշտելով, որ տարածաշրջանի կայունութիւնը, խաղաղութիւնը եւ կայուն զարգացումը, մեր ընդհանուր հետաքրքրութիւնների տիրոյթում է:

Փաշինեանը՝ ընդգծել է, որ մեր երկրների յարաբերութիւնները հիմնւած են աւանդական բարեկամութեան վրայ, եւ միշտ ուրախ են Իրանի ներկայացուցիչներին ընդունել:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը մտքեր են փոխանակել արցախեան պատերազմից յետոյ տարածաշրջանում ստեղծւած իրավիճակի եւ զարգացումների շուրջ: Երկուստեք կարեւորւել է տարածաշրջանային կայունութեան ապահովման եւ այդ ուղղութեամբ կառուցողական փոխգործակցութիւնը: 

Կողմերը անդրադարձել են նաեւ երկկողմ յարաբերութիւնների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցութեան զարգացման հեռանկարներին՝ կարեւորելով, տնտեսական յարաբերութիւնների ներուժի իրացմանը միտւած քայլերը: