Այսօր՝ կիրակի՝ 2016 թւականի օգոստոսի 28-ի միջօրէին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան լիազօր եւ արտակարգ դեսպան պրն. Արտաշէս Թումանեանը, ում ընկերակցում էր դեսպանատան երրորդ քարտուղար Արթուր Յակոբեանը, հանդիպում ունեցաւ Սպահան քաղաքի ընդհանուր քաղաքապետ դկտ. Ջամալինեժադի հետ։ Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Սպահանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր Մարտիրոսեանը։

Սպահանի քաղաքապետը բարիգալստեան խօսքից յետոյ ընդհանուր տեղեկութիւններ փոխանցեց Սպահան քաղաքի եւ նրա ունեցած բազմակողմանի հնարաւորութիւնների ու տարողութիւնների մասին, որոնք կարող են երկու ոչ միայն Սպահան-Երեւան քոյր քաղաքների միջեւ յարաբերութեանը սահմանւել, այլ երկու երկրների միջեւ ամենատարբեր ոլորտների աշխուժացում եւ զարգացում ապահովել։ Այս առումով Սպահանի քաղաքապետարանը հնարաւորութիւններ ունի զբօսաշրջիկութեան, ճանապարահաշինութեան, շինարարական, մշակութային, արհեստի եւ արւեստի ոլորտներում հնարաւորութիւններ տրամադրել ներդրողներին եւ միաժամանակ պատրաստակամ է նոյնատիպ ներդրումներ կատարել Հայաստանում։

Իրանի Իսլամական Հանրապետութեան տարբեր նահանգներ այցելելու իր ծրագրի մէջ, պրն. Թումանեանը կարեւոր համարելով բազմակողմանի յարաբերութիւնների զարգացումը, հիմնականում Իրանի եւ Հայաստանի միջեւ առկայ առեւտրա-տնտեսական ոլորտի զարգացման անհրաժեշտութեան եւ գոյութիւն ունեցող ուժականութեան առաւելագոյնս օգտագործմանն անդրադարձաւ, նշելով, որ Սպահանը մեծ բաժին կարող է զբաղեցնել այդ բնագաւառում։

Հանդիպման ընթացքում բազմաթիւ առաջարկներ ներկայացւեցին երկուստեք, որոնց համար կողմերը համաձայնւեցին հանդիպումից անմիջապէս յետոյ պատկան նախարարութիւնների եւ մարմինների միջոցով գործնական քայլեր ձեռնարկել։

Շուրջ մէկ ժամ տեւող հանդիպումն աւարտւեց յուշանւէրների փոխանակումով։

Պրն. Արտաշէս Թումանեանը իր Սպահան գտնւելու երկու օրերի ընթացքում նաեւ հանդիպելու է Սպահանի Պետական համալսարանի ընդհանուր տնօրէնին, Սպահան նահանգի նահանգապետին, Առեւտրական պալատի ղեկավարութեանը եւ այցելելու է մի շարք գործարաններ։