Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ադրբեջանցի նշանաւոր քաղաքագէտ, լրագրող, Թուրքիայում «Այնա Զերկալօ» Ադրբեջանական թերթի յատուկ թղթակից Ռաուֆ Միրքատիրովը մեղադրւել է պետական դաւաճանութեամբ:

Շուրջ երեք տարի ընտանիքի հետ Անկարայում բնակւող գործիչին Բաքւի իշխանութիւնների դիմումի հիման վրայ արտայանձնել են Ադրբեջանին, եւ նա այժմ պահւում է Ադրբեջանի ազգային անվտանգութեան նախարարութեան քննչական մեկուսարանի մէջ: Կասկած կայ այն մասին, որ նա համագործակցու մէ Հայաստանի անվտանգութեան մարմինների հետ:

Ապրիլի 18-ին, երբ Ռաուֆ Միրքատիրովն իր ընտանիքի հետ փորձել է լքել Թուրքիան, ձերբակալւել է: Ադրբեջանցի իրաւապահները լրագրողի փաստաբանին չեն ներկայացրել յստակ ու ճշգրիտ փաստեր եւ վկայութիւններ:

Խաղաղութեան եւ ժողովրդավարութեան հիմնարկը հրապարակել է յայտարարութիւն՝ նշելով, որ Ադրբեջանի քրէական օրէնսգրքի 274 յօդւածը՝ պետական դաւաճանութիւն, լրտեսութիւն, որին իբրեւ պատիժ սահմանւած է 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում, ակնյայտ ապացոյց է մենատիրական համակարգի սանձարձակ ճնշման, նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակութեան հետ որեւէ կապի լիարժէք արգելք է: Կազմակերպութիւնը նաեւ նշել է, որ Միրքատիրովը «Խաղաղութեան եւ ժողովրդավարութեան հիմնարկ»-ի նախագծերում հայ ոչ կառավարական կազմակերպութիւնների հետ համատեղ բազմաթիւ նախագծերի աշխոյժ մասնակից է, բազմիցս այցելել է Հայաստան:

«Այնա Զերկալօ» թերթի գլխաւոր խմբագիր Էլչին Շահլինսքին յայտնել է, որ դիմել է Թուրքիայի դեսպանատուն, որպէսզի քննեն գործը, եւ եթէ Ադրբեջանցի լրագրողի փաստաթղթերը յստակ լինեն, պաշտօնական բացատրութիւն է պահանջելու թրքական իշխանութիւններից: