Կիրակի՝ 2 օգոստոս 2020-ին, Թեմական խորհուրդը՝ կազմի բոլոր անդամներով, հանդիպում ունեցաւ Ազգային Առաջնորդարանի ամբողջ աշխատակազմի հետ, որը տեղի է ունենում ամենամեայ կարգով:

Հանդիպման ընթացքում Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը խօսեց կորոնավիրուս համաճարակի պատճառով ազգային իշխանութեան դիմագրաւած դժւարութիւնների, յատկապէս նիւթական եկամուտների նւազման, ինչպէս նաեւ միասնաբար ճգնաժամը յաղթահարելու անհրաժեշտութեան մասին:

Վարուժ Մինասեանը մասնաւորապէս նշեց, որ տւեալ ժամանակահատւածում Թեմի մարմինները վայելել են պաշտօնեաների սերտ համագործակցութիւնը, եւ որ առկայ է եղել փոխադարձ ըմբռնում Առաջնորդարանի ե՛ւ գրասենեակային ե՛ւ զբօսաշրջային բաժանմունքների աշխատանքները կազմակերպելու ուղղութեամբ: Նշւեց նաեւ, որ Թեմական խորհուրդը, անկախ բոլոր դժւարութիւններից ամէն կերպ կատարելու է իր նիւթական պարտաւորութիւնները աշխատակազմի աշխատավարձերի ճշգրիտ եւ ժամանակին վճարելու ուղղութեամբ:

Իր արտայայտութիւնների շարունակութեան մէջ անդրադարձ կատարեց նաեւ սոցցանցերում կեղծ անւան ներքոյ մի շարք անհատների կողմից ազգային կառոյցի եւ պատասխանատուների դէմ տարածւող զրպարտանքներին, եւ ակնկալեց ճիշտ կեցւածք դրսեւորել դրանց դէմ:

Արտայայտւեցին նաեւ Թեմական խորհրդի անդամներ Նորայր Թումանեանը եւ Վահիկ Թորոսեանը, ովքեր շնորհակալութիւն յայտնեցին Ազգային առաջնորդարանի աշխատակազմին՝ իրենց շինիչ առաջարկների եւ համագործակցութեան համար:

Վերջում հնչեցին հարց ու պատասխաններ եւ տեղի ունեցաւ տեսակէտների փոխանակում: