ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ Ս. ԶԱՏԿՒԱՅ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ

ՅՈՅՍ ԱՊԱՇԽԱՐՈՂԱՑ՝ ՔԱՒԻՉ ՅԱՆՑԱՆԱՑ

 

«Նա իր կեանքը տւեց մեր յանցանքները ջնջելու համար եւ յարութիւն առաւ, որ արդարացնի մեզ»

(Հռ 4.25):

Տօնն է Յիսուս Քրիստոսի լուսապայծառ Յարութեան:

Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը մարդկութեան փրկութեան յայտարարութիւնն է:

Տօնն է ազատութեան եւ փրկութեան:

Տօնն է հաւատի:

Մահւան վրայ կեանքի յաղթանակի տօնն է:

Նոր լոյսի եւ յոյսի տօնն է:

Նոր կեանքի եւ գարնան տօնն է:

Անցնում է մահաշունչ ձմեռը եւ փչում է գարնան կենդանարար շունչը, յարութիւն տալով մեռած բնութեանը:

Նոր Կտակարանը, Պօղոս Առաքեալի բառերով, հռոմէացիներին ուղւած նամակում նկարագրում է թէ ինչպէս Քրիստոս առաջին հերթին «Իր կեանքը տւեց մեր յանցանքները ջնջելու համար»:

Քրիստոս որպէս Զատկւայ գառ մորթւեց: Նա եղաւ ճշմարտապէս «Գառն Աստուծոյ, որ բառնայ զմեղս աշխարհի»: Նա աշխարհ եկաւ, մարդու պէս եղաւ՝ մարդու հետ լինելու, մարդու համար լինելու: Մարդն իր անհնազանդութեամբ մեղանչեց, արտաքսւեց Դրախտից եւ ընկղմւեց մեղքի տիղմի մէջ: Նա պէտք ունէր մի փրկարարի, մի օժանդակ ձեռքի՝ իրեն ազատելու այդ տիղմից, վեր բարձրացնելու եւ ընդմիշտ փրկելու: Աստւած ամենատարբեր ժամանակներում մարդկանց փրկութեան համար ընտրեց մի ժողովրդի, տւեց օրէնք, ուղարկեց մարգարէներ, բայց ամենագեղեցիկ նւէրն Իր Միածին Որդու ընծայումն էր մարդկանց: Նա որպէս սիրոյ կրակ աշխարհ եկաւ՝ սրբելու եւ մաքրելու մեր սրտերն ու հոգիները, որովհետեւ մեր մեղքերն աւելի ծանր էին քան աւազը ծովի: Նա մահւան մատնւեց, չարչարւեց ու խաչւեց որպէսզի մենք մեր պատիժը չկրենք: Նա մեռաւ որպէսզի մենք թողութիւն ստանանք եւ մեր մեղքերից մաքրւելով կարողանանք Աստծու առաջ կանգնել որպէս անմեղ: Հետեւաբար, Նա Իր աստւածային կեանքը տւեց աշխարհի փրկութեան համար:

Երկրորդ, «Նա յարութիւն առաւ որ արդարացնի մեզ»: Սա աստւածային օրհնութիւն եւ պարգեւ է: Պօղոս առաքեալն այստեղ նկարագրում է, որ Աբրահամի օրինակի համաձայն, Աստւած մեզ էլ է արդարացնելու, սակայն միայն ՀԱՒԱՏՈՎ: Պօղոս առաքեալն այստեղ նկատի ունի այն փաստը, որ Աստւած որպէս մեռելներին կենդանացնող Աստւած՝ Իսահակին կեանք տւեց ծեր եւ ամուլ ծնողներից, այնպէս էլ երկու հազար տարի յետոյ, Իր Որդուն՝ Յիսուս Քրիստոսին կեանքի կոչեց մեռելներից: Տակաւին Աստւած կենդանացնում է նաեւ մեզ, որովհետեւ մենք մեռած էինք մեր յանցանքների եւ մեղքերի մէջ: Հետեւաբար, Աբրահամի նման մենք էլ արդար համարւելով կը դառնանք ժառանգորդը Աստծու թագաւորութեան եւ յաւիտենական կեանքի: Քրիստոսը յարութիւն առաւ մեռելներից, որպէսզի մենք կարողանանք արդար համարւել Աստծու առաջ:

Արդարեւ Պօղոս առաքեալն ասում է, որ երկու օրհնութիւնները, պարգեւները՝ թողութիւնն ու արդարութիւնը, ձեռք են բերւում ոչ թէ օրէնքի գործերով, այլ միայն ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՒԱՏԱԼՈՎ: «Աստւած մեզ էլ է արդար համարելու մեր հաւատի համար, որովհետեւ հաւատում ենք նրան, որ մեռլներից յարութիւն տւեց Յիսուսին՝ մեր Տիրոջը» (Հռ 4.23-24): Քրիստոնէական կեանքի, բարոյականի եւ աստւածաբանութեան հիմնաքարն է Քրիստոսի յարութիւնը: Գողգոթայի վրայ Քրիստոսի մահը եւ գերեզմանից Նրա հրաշափառ Յարութիւնը առաքեալների, սուրբերի, քրիստոնէական եկեղեցու հայրերի քարոզչութեան ներշնչիչ աղբիւրն է: Հեթանոսաց առաքեալը հաստատապէս յայտարարում է բոլոր ժամանակների բոլոր սերունդներին. «Եթէ Քրիստոսը յարութիւն չի առել, իզուր է մեր քարոզչութիւնը, իզուր է նաեւ ձեր հաւատը» (Ա.Կր 15.14):

***

Քրիստոսի հրաշափառ Յարութեան ամենաջերմ հաւատացողներից մէկն է եղել հայ ժողովուրդը: Չարչարւած, խաչւած, խոցւած իր սրտով հայ ժողովուրդն երբեք չի կորցրել իր յարութեան մասին իր յոյսն ու անքակտելի հաւատը: Իր վէրքերից ու գերեզմանից նա միշտ վերակենդանացել է Քրիստոսի Յարութեան մեծ աւետիսով, նոր կեանքի, նոր գալիքի, նոր գարնան յոյսով եւ երգով:

Մեր ժողովուրդը, դարեր շարունակ չարչարւել ու խաչւել է իր սկզբունքեների, համոզմունքների եւ անժամանցելի սրբութիւնների պահպանման համար: Միշտ սուր եւ զէնք են բարձրացրել մեր երկրի ազատութեան եւ անկախութեան վրայ, մեր ազգային արժանապատւութիւնն են ոտնակոխել, աւերել ու ամայացրել են մեր շէն քաղաքները, ոչնչացրել են նրա մշակութային կոթողներն ու յուշարձանները, բայց երբեք չեն կարողացել նրա հոգու մէջ մարել յարութեան տեսիլքը: Մեր ժողովուրդն անցել է Գեթսեմանի պարտէզից եւ ունեցել է յուսահատութեան պահեր, սակայն խաչն իր ուսին՝ բարձրացել է մինչեւ Գողգոթայ եւ իր արիւնոտ բարձունքից տեսել է իր յարութեան լուսապայծառ ապագան:

Չի մեռնի այն ժողովուրդը, որ տեսիլքներ ունի: Մեր ժողովուրդը տեսիլք ունեցող ժողովուրդ է եւ այդ տեսիլքներից ամենափառաւորն իր փրկութեան եւ ազատութեան տեսիլքն է: Հետեւաբար, այսօր նաեւ մեր ժողովրդի «Զատիկ»-ն ու յարութեան տօնն է: Այո՛, մի երջանիկ օր, մի լուսապայծառ առաւօտ յարեաւ հայ ժողովուրդը եւ իր յարուցեալ Փրկչի պէս քայլեց դէպի անմահութիւն, յարութեան երգն իր շրթներին.

«ՓԱ՜ՌՔ ՀՐԱՇԱՓԱՌ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՔՈ ՏԷՐ...»:

***

Սիրելի՛ հարազատներ,

Հաւատի եւ սիրոյ այս հոգեւոր եւ պայծառ տօնի առիթով ողջունում եմ բոլորիդ՝ հոգեւորականաց դասին, Պատգամաւորական Ժողովի անդամներին, Թեմական եւ Կրօնական խորհուրդներին, ազգային-եկեղեցական մարմիններին, կրթական, բարեսիրական, կանանց, երիտասարդական, մարզական եւ մշակութային միութիւններին, կազմակերպութիւններին, ազգային վարժարանների եւ Կիրակնօրեայ Դպրոցների ուսուցչական կազմերին եւ ուսանողութեանը, Ծնողական խորհուրդներին, եկեղեցու սպասաւորներին, դպրաց դասերին, ազգային հաստատութիւններին եւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին անխտիր:

Թող Յարութեան տօնը վերանորոգի մեր կենդանի հաւատը եւ ապագայի նոր յոյս ու անմահական կեանք պարգեւի բոլորիս:

 

Քրիստոս յարեաւ ի մեռելոց:

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

 

Սիրոյ ջերմ ողջունիւ՝
ԲԱԲԳԷՆ ԵՊՍ. ՉԱՐԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
 

Ս. Զատիկ

2013


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ