ՀԱՅ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԱՑ ՉՀԱՐՄԱՀԱԼ ՄԻՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՄԱՍՆԱՃԻՒՂ

Մեզ յայտնի է, որ վերջին հարիւրամեակում Չհարմահալում եղել են նախ 14 եւ ապա 9 հայկական գիւղեր, որոնք գոյատեւել են մինչեւ 1967 թւականը: Եթէ զանց առնենք գաւառում եղած մի քանի տէր-թոդիկեան վարժարանները, որոնք առհասարակ ծառայում էին կրօնին ու կրօնականներին, մինչեւ 1900 թւականը գաւառը զուրկ է եղել ներկայի հասկացողութեամբ դպրոցներից: Չհարմահալցու յատուկ ուսումնատենչութեան հետեւանք է 1900 թւականից չհարմահալցի տղաների Նոր Ջուղայի դպրոցներում սովորելը, որոնց թիւը 1906 թւականին հասել է 35 հոգու, ինչպէս նաեւ՝ 1914-1930 թւականների ժամանակամիջոցում Կալկաթայի Մարդասիարկան Ճեմարանում:

Իրանա-Հնդկաստանի Հայոց Թեմի առաջնորդներ Բագրատ վարդապետ Վարդազարեանի եւ Եզնիկ Երկարակեցեանի ջանքերի շնորհիւ, 1903 թւականին, Վերին Քոնարքում հիմնւում է «Վաչեան», Լիվասեանում՝ «Պոպովեան», Մամուքայում՝ «Պօղոս Բալասանեան» եւ 1907 թւականին Սիրաքում՝ «Հայրիկեան» դպրոցները: Գաւառի մնացեալ հինգ գիւղերում, 1922-26 թւականներին, հիմնւում են Հաջիաբադի «Հայկազեան», Աղբուլաղի, Սինագանի, Մամուռանի եւ Ցածի Քոնարքի դպրոցները, որոնց բիւդջէն մասամբ հայթայթւում էր ազգային բարերարների նւիրատւութեամբ եւ գիւղացիների միջոցով: Այս վիճակը շարունակւում է մինչեւ 1914 թւականը՝ առաջին համաշխարհային պատերազմը, որից յետոյ ստեղծւած պայմանների բերումով, նիւթական օժանդակութիւնները նւազում են, միաժամանակ շրջանում տիրում է երաշտ եւ այլ արհաւիրքներ, որոնց հետեւանքով մեծապէս տուժում է նաեւ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքները:

Յետագային յիշեալ շրջաններում կրթւած երիտասարդները, որոնք մեծ մասամբ աշխատանքի էին անցել Խուզիստանի Նաւթարդիւնաբերական Ընկերութեան մէջ, մտահոգւած իրենց հարազատ գաւառի զարգացմամբ, մտածում են որեւէ ձեւով նեցուկ հանդիսանալ կրթական գործին: Խուզիստանում հաստատւած չհարմահալցիները, միշտ ի մտի ունենալով գաւառի բազմաչարչար ժողովրդի բազում ցաւերն ու բազմապիսի դժւարութիւնները, համակւած ազգային բարձր գիտակցութեամբ, որոշում են հիմնել մի միութիւն, որն իր նախաձեռնութեամբ եւ տնտեսական միջոցներով պէտք է կարողանայ ապահովել գաւառի կրթական գործի բարելաւումը: Այդ նպատակի համար, Աբադանում, 1930 թւականի հոկտեմբերի 12-ին, ի մի գալով, վեց վճռակամ չհարմահալցի երիտասարդներ, հիմնում են Չհարմահալ Գաւառի Ուսումնասիրաց «Արօր» Միութիւնը:

Այդ ազգանւէր եւ խիզախ քայլը, վերոնշեալ թւականին կատարում են որպէս հիմնադիրներ, Մարտիրոս Մարտիրոսեանը, Սիմէոն Իսրայէլեանը, Մնացական Մադաթեանը, Մելքոն Իսրայէլեանը, Սիմոն Աւետիսեանը եւ Սարգիս Մադաթեանը:

Միութեան հիմնադրման խնդիրը մեծ ընդառաջում գտնելով Խուզիստանի զանազան հայաշատ քաղաքներում, Նոր Ջուղայում եւ աւելի ուշ՝ Թեհրանում, շուտով բազմանդամ դառնալով, սկսում է մասնաճիւղեր հիմնել Խուզիստանի տարբեր հայաշատ շրջաններում, որոնց թիւը հասնում է 12-ի, իսկ անդամների թիւն անցնում է 800-ից: Մինչ այդ, Նոր Ջուղայում հաստատւած մի խումբ չհարմահալցիների նախաձեռնութեամբ, 1940 թւականին, հիմք է դրւել Մամուռան գիւղի բուժարանը:

1942 թւականին Կենտրոնական Վարչութեան ջանքերի շնորհիւ, հիմնւում է Միութեան Նոր Ջուղայի Մասնաճիւղը: Միութիւնը հաւատարիմ իր սկզբունքներին, ազգային-կրթական գործունէութիւնից բացի, իր նիւթական եւ բարոյական օժանդակութիւնն է ներդրել մեր համազգային կեանքին:

Միութիւնն իրաւական դէմք է եւ ունի նրա համար օրէնքով սահմանւած բոլոր իրաւունքները: Միութիւնն իրաւական դէմք է համարւել եւ պաշտօնականութիւն ստացել 1996-ի փետրւարի 28-ին, պետութեան կողմից:

Միութիւնն ունի իր ծրագիր-կանոնագիրը, որը բաղկացած է 10 գլուխներից, 97 յօդւածներից եւ 20 ծանօթութիւններից:


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ