ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՒՀԵԱՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

1892 թւականին հիմնադրւել է Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական Ընկերութիւնը՝ նախնական շրջանում «Որբախնամ» անւան տակ: Հիմնադիրն եղել է նոր-ջու­ղայեցի մի համեստ ուսուցիչ՝ Յովսէփ Ղ. Բարսեղեանը: Նա 1892 թւականին, մի ձմռան ցուրտ օր, տեսնելով Նոր Ջուղայի հայոց դպրոցների որոշ չքաւոր աշակերտուհիների թշւառ դրութիւնը, որոշում է հիմնել բարենպատակ միութիւն՝ նման չքաւորներին օգնելու։ Նոյն օրն իսկ հաւաքելով հայոց դպրոցի բարձր դասարանի աշակերտուհիներին, բացատրում է նրանց թէ՝ ինչ է բարեգործութիւնը եւ ինչպէս քաղաքակիրթ երկրներում բարեգործական հաստատութիւններ կան, որոնք օգնում են չքաւորներին։ Հրաւիրում է աշակերտուհիներին միութիւն կազմել եւ օգնել նոյն դպրոցի չքաւոր երեխաներին: Անմիջապէս գործի են անցնում։ Որոշւում է իւրաքանչիւր աշակերտուհի 2-ից 10-ը շահի, ըստ իր կարողութեան, ամսավճար վճարել եւ հաւաքւած գումարով գրենական գոյքեր, զգեստ, կօշիկ եւ այլն գնել եւ բաժանել չքաւորներին:

Այսպէս ամսական 2-ից 10-ը շահի ամսավճարով եւ մի քանի մատիտների ու գրենական պիտոյքների վաճառումից գոյացած աննշան գումարով սկիզբ է առնում Ն.Ջ. Հայուհեաց Բարեգործական Ընկերութիւնը, որն այնուհետեւ զարգանում եւ ձեռնամուխ է լինում աւելի մեծ գործերի։

Ընկերութիւնն այժմ 120 տարւայ միութիւն լինելով (1892-2012), նպաստում է մեր գաղութի մշակութային, բարեսիրական եւ այլ աշխատանքներին, եւ իր արժանի տեղն ունի համայնքում:

Ընկերութեան կենտրոնն է Նոր Ջուղայի Ս. Կատարինեան մենաստանը եւ անցեալում երկար տարիներ իր հովանու տակ է առել «Ս. Կատարինեան Որբանոց-Գիշերօթիկ»-ը, նախ ընդհանուր կառավարմամբ, իսկ յետագային Վարչութեան կազմում իր երկու անդամուհիների մասնակցութեամբ:

Ընկերութիւնն անցեալում իր մշակութային ծառայութեան շրջանակներում, ուսուցիչ ուղարկելով Սպահան նահանգի հայկական գիւղեր՝ նոր սերնդին ուսուցանել է հայ գիրն ու գրականութիւնը:

Բարեգործական Ընկերութիւնն ունի թէ՛ ամսական եւ թէ՛ տարեկան նպաստառուներ։ Տարին երկու անգամ՝ Ս. Ծննդեան եւ Ս. Յարութեան տօներին, սննդամթերք տրամադրելով՝ օգնում է համայնքի կարիքաւոր ընտանիքներին: Օգնում է բուժման կարիք ունեցող անհատներին, աշխատում է օգտակար լինել կարիքաւոր աշակերտ-ուհիներին եւ նոյնիսկ ուսանողներին՝ նրանց կրթաթոշակն ապահովելով:

Ընկերութիւնը, ընդունելով ՀԱՅ ԴԱՏ-ի արդար լուծումը, որպէս հայ ժողովրդի գերագոյն նպատակներից, իր հնարաւորութիւնների սահմանում օժանդակում է պատկան յանձնախմբին եւ կատարում տարեկան նւիրատւութիւններ:

Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան ծաւալուն աշխատանքների մասին մինչեւ օրս հրատարակւել են հետեւեալները.

1- «Պատմական համառօտ ակնարկ 1892-1918 թ.», յօդւած, Արամ Երեմեան

2- «Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական Ընկերութիւնը, պատմական յամառօտ ակնարկ 75-ամեայ գործունէութեան, 1892-1967 թ.», գիրք, Վարդան Անդրէասեան

3- «Պատմական համառօտ ակնարկ 1967-1992 թ.», գիրք, Լեւոն Գ. Մինասեան

4- «Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան գործունէութիւն, 1892-2012», գիրք, Ընկերութեան Վարչութիւն

Ընկերութիւնը կազմակերպել եւ կազմակերպում է զանազան կարճատեւ եւ երկարատեւ ուսուցողական դասարաններ՝ կար ու ձեւ, գորգագործութիւն, ծաղիկի պատրաստում, ասեղնագործութիւն, Ճաղագործութիւն, ֆիլէագործութիւն, նկարչութիւն՝ մեծերի եւ փոքրերի համար, մաքուքագործութիւն, փայտագործութիւն, մոմերի պատրաստում, եղունգի յարդարում, քաղցրեղէնի պատրաստում, թխւածքների պատրաստում, խոկում (մեդիթէյշեն), անգլերէն լեզւի ուսուցում՝ մեծերի եւ փոքրերի համար, ասմունք, ուլունքագործութիւն, համակարգչի եւ համացանցի ուսուցում, ժապաւէնով ասեղնակար, բանջարեղէնի յարդարում, մազայարդարում, թւաբանութեան դասընթացներ եւ այլն, նաեւ մանկական ժամանց, որոնք իրականացել են անդամուհիների եւ համայնքի այլ դասատուների միջոցով՝ անվճար եւ վճարովի դրութիւններով:

Ընկերութիւնը սոյն դասարանների աշխատանքներից կազմակերպել է ցուցահանդէսներ թէ՛ Նոր Ջուղայում եւ թէ՛ այլ քաղաքներում նաեւ՝ արտերկրում, որոնք բարձր են գնահատւել եւ արժանացել յատուկ գովասանքի:

Ընկերութիւնը կարեւորութիւն տալով ընթերցանութեանը, Ս. Կատարինեան Վանքի շրջափակում հիմնում է «Իզմիրլեան» անունով գրադարան-ընթերցարանը՝ ունենալով 390 հատոր գիրք, որոնք յետագային՝ 1972 թւականին, փոխադրւում են Ս. Ամենափրկչեան Վանքի գրադարան-մատենադարան:

Ընկերութիւնը ժամանակին ունեցել է նաեւ գորգագործարան:

Բարեգործական Ընկերութիւնն ունի իր սեփական խանութը, որը 1973 թւականին տկն. Թագուհի Նահապետեան-Խաչանեանի միջոցով նւիրւել է Բարեգործական Ընկերութեանը, որը մինչ այժմ աշխատում է եւ վաճառում հայ արւեստասէր կանանց ձեռքի աշխատանքները:

Ընկերութիւնը, 1960-ական թւականներից սկսեալ, ունեցել է ձեռքի աշխատանքների տարեկան վաճառք, նախ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան եւ Մայրերի միութիւնների հետ, ապա՝ առանձին, Ս.Ա. Վանքի շրջափակում, որը շարունակւում է մինչեւ օրս:

Որպէս օժանդակութիւն անդամուհիների եւ հայ աշակերտուհիների մտաւոր զարգացմանը, Ընկերութեան վարչութիւնները կազմակերպել եւ կազմակերպում են դասախօսութիւններ՝ հրաւիրելով բժիշկներ եւ մասնագէտներ: Մասնակիցների համար կազմակերպւում են գիտարշաւներ եւ  շրջագայութիւններ։ Նիւթական միջոցներով օժանդակել է հայերէնագիտական գիշերային դասընթացներին եւ կազմակերպել գրքի ցուցահանդէս-վաճառք:

Ընկերութեան յարկի տակ տօնւում են Ս. Ծննդեան եւ Ս. Յարութեան տօները։ Գրական խմբակի միջոցով բոլոր ազգային եւ կրօնական տօներին փոխանցումներ են կատարւում անդամուհիների միջոցով: Մեծ խանդավառութեամբ տօնւում է Բուն Բարիկենդանը: Ամէն տարի Ս. Հռիփսիմեանց Կոյսերի եւ Ս. Քառասնից Մանկանց տօներին, Ս. Պատարագից յետոյ, Ընկերութեան յարկի տակ տեղի է ունենում հիւրասիրութիւն: Տօնւում է Ս. Սարգիս Զօրավարի տօնը եւ երիտասարդների համար պատրաստւում աւանդական «Աղի բլիթ»-ը: Նշւում է «Մայրերի օր»-ը եւ կազմակերպւում դաշտահանդէսներ՝ նւիրւած Ջաւախքին, ամբողջ հասոյթը նւիրելով ջաւախքահայութեանը:

Ն.Ջ. Հայուհեաց Բարեգործական Ընկերութիւնն ունի 44 անդամուհի (2012 թ.), ովքեր բաժանւած են տարբեր խմբակների՝ գրական, բարեզարդման, աշխատանքային, կոկտէլի եւ խանութի յանձնախումբ։

 


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ