ՆՈՐ ՋՈՒՂԱՅ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ-ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

Նոր Ջուղայում առաջին մանկապարտէզը հիմնւել է 1901 թւականին, երբ Իրանա-Հնդկաստանի Հայոց Թեմի դպրոցների ընդհանուր վերատեսուչ է նշանակւել Բագրատ Վրդ. Վարդազարեանը, իսկ Տկն. Վառվառէ Քանանեանը եւս մի խոշոր գումար է յատկացրել Նոր Ջուղայում մի մանկապարտէզ եւ դպրոց բացելու համար:

Մանկապարտէզը նախ եղել է դպրոցներին կից.  երբ աւարտւել է Քանանեան դպրոցի շէնքի կառուցումը, մանկապարտէզը փոխադրւել է այդտեղ, եւ առաջին յարկի չորս մեծ սենեակները  առանձին թեւում յատկացւել են մանկապարտէզին:

Տկն. Վառվառէ Քանանեանը, ինչպէս իր հիմնած դպրոցի, նոյնպէս էլ մանկապարտէզի հանդէպ ցոյց է տւել սէր ու հետաքրքրութիւն եւ Մոսկւայից ու Թիֆլիսից երեխաների համար ուղարկել է մեծ թւով խաղալիքներ, այբուբենը սովորելու զանազան ձեւի փայտերի վրայ ամրացւած տառեր, նկարներ, խաղալիքներ եւ ուսուցման համար այլ միջոցներ:

Մանկապարտէզն ունեցել է երեք բաժանմունք 4-6 տարեկան երեխաների համար:

1905-06 ուսումնական տարեշրջանում մանկապարտէզն ունեցել է 135 սան-ուհիներ, որոնցից 75-ը տղայ եւ 60-ը աղջիկ:

Յետագայում, երբ Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցները դարձել են երկսեռ եւ բացւել է նաեւ միջնակարգի բաժինը, մանկապարտէզը փոխադրւել է կենտրոնական դպրոցին կից շէնքը, մինչեւ որ 1972 թւականին կառուցւել է առանձին շէնք նոյն Չարսու թաղում, ուր եւ տեղաւորւել է մանկապարտէզը, բայց այդտեղ եւս մնացել է միայն հինգ տարի: Երբ շէնքը յանձնւել է «Արարատ» մարզա-մշակութային միութեան, մանկապարտէզի համար յարմարեցւել է այլ շէնք, որտեղ մնացել է շուրջ 30 տարի: 2008 թւականին մանկապարտէզը համատեղւելով նախակրթարանի հետ փոխադրւել է կենտրոնական դպրոցին կից նախակրթարանի շէնքը, ուր աշխատում է մինչ այժմ:

1971 թւականից մանկապարտէզը կոչւել է «Քուրոշէ Քաբիր» անունով, սակայն այժմ կոչւում է «Նարեկ»:

 

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ

Ինչպէս մանկապարտէզը, այնպէս էլ նախակրթարանը միշտ կից է եղել Նոր Ջուղայի ազգային դպրոցներին: Այս մասին առաջին անգամ մենք տեսնում ենք ազգային դպրոցների 1899 թւականին տպագրւած տեղեկագրի մէջ, որտեղ տրւած է նաեւ «Պատրաստական»-ի եւ «Նախակրթարան»-ի երկու դասարանների ծրագիրը:

Բնականաբար այն օրերի նախակրթարանի եւ այսօրւայ նախակրթարանի ծրագրի եւ դասաւանդութեան մէջ հսկայական տարբերութիւն կարող է լինել, այդուհանդերձ անցեալում եւ ներկայում նոյն «Նախակրթարան» անունն են կրում, որտեղ մանկապարտէզից գալիս եւ այդտեղից էլ տարրական դպրոցն են մտնում:

Նախակրթարանները թէ դպրոցների միասեռ եւ թէ երկսեռ եղած ժամանակ երբեք  անջատ չեն եղել, այլ միշտ կից մանկապարտէզին կամ տարրական դպրոցներին: 1979-1980 ուսումնական տարեշրջանից նախակրթարանի բաժինը մանկապարտէզից առանձնանալով դարձաւ առանձին միաւոր «Արմէն նախակրթարան» անունով:

Նախակրթարանն այժմ մանկապարտէզի հետ միատեղ գտնւում է կենտրոնական դպրոցի արեւելեան կողմում, 1960 թւականին կառուցւած շէնքի մէջ իր առանձին մուտքով:


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ